Մատչելիության հղումներ

Արևմուտքը սաստկացնելու է ճնշումը Մոսկվայի վրա


Արևմուտքը սաստկացնելու է ճնշումը Մոսկվայի վրա
please wait

No media source currently available

0:00 0:02:32 0:00

Մոսկվան նոր պատժամիջոցների սպառնալիքն անվանում է «շանտաժ»։

Մարիուպոլի մղձավանջային հրթիռակոծությունը ծայրաստիճան սրել է իրավիճակն Ուկրաինայում։ Հունվարի 24-ին սպանվել է 30 խաղաղ բնակիչ, մոտ 90 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Ենթադրվում է, որ քաղաքը հրթիռակոծել են ռուս անջատականները, թեպետ վերջիններս հերքում են մեղադրանքը։ ԵԱՀԿ-ն պնդում է, որ հրթիռներն արձակվել են անջատականների կողմից հսկվող տարածքից։

Նախագահ Պետրո Պորոշենկոն ընդհատել է Սաուդյան Արաբիա՝ այդ երկրի արքայի մահվան կապակցությամբ կատարած այցը, շտապ վերադարձել է հայրենիք և հունվարի 25-ը սգո օր է հայտարարել։

Պորոշենկոյի խոսքերով, Մարիուպոլի հրթիռակոծությունը «հանցագործություն է մարդկայնության դեմ»։ Նա հավաստիացրել է, որ Կիևը ցանկանում է հավատարիմ լինել Մինսկում 2014-ի սեպտեմբերին կնքված հրադադարին։

Մարտական գործողություններն Ուկրաինայի արևելքում այսօր էլ շարունակվել են։ Ուկրաինայի բանակի խոսնակ Վլադիսլավ Սելեզնյովի փոխանցմամբ, ռուս անջատականներն ավելի քան 100 անգամ կրակ են բացել ուկրաինացիների դիրքերի ուղղությամբ, անցած 24 ժամում զոհվել է առնվազն 7 ուկրաինացի զինծառայող։

Առավել թեժ բախումներ են ռազմավարական նշանակություն ունեցող Դեբալցևո ավանի շուրջ, քանի որ այն գտնվում է Դոնեցկը և Լուգանսկը կապող ճանապարհին։

ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպանն այսօր Բրյուսելում հանդիպելու է Հյուսիսատլանտյան դաշինքի դիվանագետներին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր երեկոյան Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ է գումարելու։ Հինգշաբթի օրը Եվրոպական միության արտգործնախարարներն են հավաքվելու արտահերթ ժողովի։

Հնդկաստան այցելած Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ մայրաքաղաք Նյու Դելիում ասել է, որ Ամերիկան չի անտեսի Մարիուպոլի ողբերգությունը։

«Մեզ խիստ անհանգստացնում են Ռուսաստանի աջակցությամբ, ռուսական զենքով, ֆինանսներով, տեխնիկայի և մարտուժի օգնությամբ անջատականների իրագործած նոր գրոհներն Ուկրաինայում։ Մենք սաստկացնելու ենք Ռուսաստանի վրա բանեցվող ճնշումը, գործադրելու ենք բոլոր միջոցները՝ բացառությամբ ռազմական գործողության», - ասել է Օբաման։

«Մենք այս հարցերում սերտորեն համագործակցելու ենք մեր եվրոպացի գործընկերների հետ», - ավելացրել է Սպիտակ տան ղեկավարը։

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այսօր ասել է, որ Ռուսաստանը պարտավոր է Ուկրաինայի արևելքում գտնվող ռուս անջատականներին տալ հրադադարի պահանջները խստորեն կատարելու հստակ հրաման։

«Մարիուպոլի վրա անջատականների գրոհը ստեղծել է միանգամայն նոր իրավիճակ, և Արևմուտքն այն անտեսել չի կարող», - ասել է Շտայնմայերը։

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին առաջարկել է սահմանել առավել խիստ պատժամիջոցներ. - «Մարիուպոլից հետո Արևմուտքը պարտավոր է տալ հնարավորինս կոշտ պատասխան»։

Մինչդեռ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակն այսօր հայտարարել է, որ «Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը քաղաքական շանտաժ է, բացարձակ ապակառուցողական, անհիմն քայլ և կարճատեսության դրսևորում»։ Ինքը Պուտինն ասել է, որ Կիևն է մերժում խաղաղ կարգավորման հնարավորությունը։

Իսկ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում ընդունելով իսրայելցի պաշտոնակից Ավիգդոր Լիբերմանին՝ ասել է, որ ռուս ապստամբներն ընդամենը պատասխանում են ուկրաինական բանակի գործողություններին։

«Միամտություն կլիներ ենթադրել, որ ապստամբները [ռուս անջատականները] ձեռքերը ծալած կնստեն այն ժամանակ, երբ հրետակոծվում են իրենց ավանները», - ասել է Լավրովը։

Ռուս անջատականները հաղորդել են, որ Զասյադկոյի անվան ածխահանքում հրետակոծության հետևանքով խափանվել է հոսանքի մատակարարումը, մոտ 500 հանքափոր մնացել են հորում և չեն կարողանում վերև բարձրանալ։ Հիմա փրկարարները փորձում են դուրս հանել հանքափորներին։

Անցյալ տարվա ապրիլից սկսված ռուս - ուկրաինական բախումների ընթացքում զոհվել է ավելի քան 5 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG