Ռուսաստանն արգելափակել է Մարիուպոլի հրթիռային գնդակոծությունը դատապարտող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը, որը կոչ էր անում պահպանել սեպտեմբերին կնքված հրադադարի մասին համաձայնությունը։
Այն նաև կոչ էր անում անցկացնել հրթիռային գնդակոծության հետաքննություն, որի հետևանքով զոհվել է 30 մարդ:
ԵԱՀԿ-ն երեկ հայտարարել է, որ գնդակոծությունն իրականացվել է Դոնեցկի շրջանում զինված անջատողականների զբաղեցրած դիրքերից: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ հետաքննությունը ցույց է տվել, որ «Գրադ» հրթիռները եկել են հյուսիս-արևելյան ուղղությունից՝ Օկտյաբր գյուղի կողմից, իսկ «Ուրագան» հրթիռները՝ արևելյան ուղղությունից՝ Զաիչենկո գյուղի կողմից:
Երկու բնակավայրերը գտնվում են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հսկողության տակ:
ՄԱԿ-ում Ռուսաստանի առաքելությունը հայտարարել է, որ փաստաթուղթն արգելափակվել է ռուս դիվանագետների կողմից, քանի որ այն դատապարտում էր միայն անջատողականների ուժերի գործողությունները և չէր հիշատակում Ուկրաինայի կառավարությանը:
Հիշեցնենք՝ երեկ Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում անջատականները «Գրադ» են կիրառել: Գնդակոծության հետևանքով 30 խաղաղ բնակիչ է զոհվել, 90-ից ավել մարդ էլ վիրավորվել: Երեկ Ուկրաինայի կառավարությունը հայտարարել էր, որ Մարիուպոլում բնակչությունը քաղաքի արևելյան մասից տարհանվում է արևմտյան մաս: