Մատչելիության հղումներ

«Զենքի հետ անզգույշ վարվելու» հետևանքով զոհված ադրբեջանցուն հուղարկավորել են պատվո պահակախմբով


Ադրբեջանցի զինծառայողի թաղումը, ըստ Qafqazinfo կայքի
Ադրբեջանցի զինծառայողի թաղումը, ըստ Qafqazinfo կայքի

Ադրբեջանական Qafqazinfo.az կայքը տեղադրել է լուսանկարներ, որոնցում երևում է, որ պայմանագրային զինծառայող, 26-ամյա Բաբաշով Նիզամի Շամիլ օղլուն, ով, ըստ ադրբեջանական աղբյուրների, զոհվել է «զենքի հետ անզգույշ վարվելու և դրա արդյունքում արձակված կրակոցի» հետևանքով, հուղարկավորվել է պատվո պահակախմբի մասնակցությամբ, պատվո համազարկով և բարձրաստիճան զինվորականների ներկայությամբ:

Razm.info-ի փոխանցմամբ, ադրբեջանական կայքը լուսանկարները հրապարակել է այսօր՝ հունվարի 23-ին։ Հայկական ինտերնետային պարբերականը խիստ տարօրինակ է համարում նման հուղարկավորությունը զինծառայողի՝ զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների խախտման հետևանքով զոհվելու պարագայում։

Հատկանշական է, որ հիշյալ լուսանկարների հրապարակումից հետո ժամեր շարունակ Qafqazinfo.az կայքը չէր բացվում. կայքի առաջին էջում միայն ադրբեջաներեն հաղորդագրություն էր հաքերային հարձակման մասին: Ադրբեջանական կայքը վերականգնվեց միայն շաբաթ առավոտյան, սակայն դրանում բացակայում են նախորդ երկու օրերի՝ հունվարի 22-ի և 23-ի լրատվական հոսքերը։

Հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև հունվարի սկզբից լարվածությունը չի թուլանում: Միայն անցած գիշեր, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունների փոխանցմամբ, ադրբեջանական կողմն ունեցել է յոթ, հայկական կողմը՝ երկու զոհ: Ադրբեջանական կողմը, մինչդեռ, այս օրերին սահմանային բախումներում իր զոհերի մասին հաղորդումները հետևողականորեն հերքում է:

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, այսօր անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին, ասել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը թաքցնում է իր սադրանքների արդյունքում ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG