Մատչելիության հղումներ

Գյումրիում տեղի ունեցավ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը


Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում այսօր տեղի ունեցավ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը։

Եկեղեցին մարդաշատ էր, գյումրեցիները, տարբեր այլ համայնքների բնակիչներ, մի շարք պաշտոնյաներ եկել էին վերջին հրաժեշտը տալու վեց ամսական փոքրիկին։ Ներկա էին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության մի շարք անդամներ, պատգամավորներ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և այլք։

«Խորն էր ու ծանր էր վերքը, որի դիմաց այս մանուկը պայքարեց տղամարդու տոկունությամբ։ Երկնքում ավելացավ ևս մեկ հրեշտակ։ Աստված այնպես տնօրինեց, որ ինքը միանա իր ընտանիքին, և այսօր Ավետիսյան ընտանիքը խաղաղության մեջ է», - ասաց հոգեհանգստյան կարգը մատուցող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։

Վեց ամսական երեխան միակն էր, ով կենդանի էր մնացել գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո։ Իրավապահները նրան հայտնաբերել էին վիրավոր՝ կրծքի շրջանում կտրող, ծակող գործիքով ծանր վնասված: Փոքրիկը մահացավ յոթ օր անց։ Ավետիսյանների ընտանիքի վեց մյուս անդամները սպանվել էին հունվարի 12-ին։ Այս հանցագործության մեջ կասկածվում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։

Երեխայի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG