Մատչելիության հղումներ

Թեժ մարտեր Դոնեցկի օդակայանի շուրջ


Թեժ մարտեր Դոնեցկի օդակայանի շուրջ
please wait

No media source currently available

0:00 0:03:16 0:00

Կողմերը միմյանց են մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու համար։

Ուկրաինայի բանակի խոսնակ Անդրիյ Լիսենկոն հայտնել է, որ հանրապետության զինված ուժերը նախաձեռնել են լայնածավալ գործողություն և հիմնականում արդեն ետ են գրավել Դոնեցկի օդակայանը ռուս անջատականներից։

Ռուս անջատականներն, իրենց հերթին, պնդում են, որ օդակայանը գրավելու ուկրաինացիների բոլոր փորձերը ձախողվել են։ Այդ մասին ասել է անջատականների ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն։ Նշենք, որ օդակայանից, ըստ էության, ավերակներ են մնացել։

Մարտական գործողություններն աստիճանաբար մոտենում են բուն Դոնեցկին։ Տեղացիները հաղորդում են հուժկու հրետակոծությունների մասին։ Պաշտոնական Կիևի տվյալներով, Ուկրաինան անցած 24 ժամում կորցրել է 4 զինծառայող, ևս 32-ը վնասվածքներ են ստացել։

Նախագահ Պետրո Պորոշենկոն երեկ Կիևում «միասնության երթի» ընթացքում հավաստիացրել է, որ Կիևն անպայման կվերահաստատի հսկողությունը հանրապետության հարավ-արևելյան շրջանների նկատմամբ։ Նա ասել է, որ «ուկրաինացիները ոչ մի թիզ հող չեն զիջի անջատականներին»։

Այդ երթին, որը տեղի է ունեցել մայրաքաղաքի Անկախության հրապարակում` Մայդանում, մասնակցել է մի քանի հազար մարդ։ Շատերը պահել են պաստառներ «Ժե սուի Վոլնովախա»` «Ես եմ Վոլնովախան» գրությամբ։

«Տասնյակ հազարավոր մարդիկ այսօր Մայդանում են, միլիոնավոր ուկրաինացիներ Զակարպատյեյից մինչև Լուգանսկ և Դոնեցկ, հիմա միասին աղոթում են հունվարի 13-ի անմեղ զոհերի համար»,- ասել է Պորոշենկոն։

Վոլնովախան ավանն է, որտեղ հունվարի 13-ին մարդատար ավտոբուսի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 12 խաղաղ բնակիչ։ Երեկ Մայդանում հավաքված հազարավոր մարդիկ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Վոլնովախայում սպանվածների հիշատակին։

Կիևը պնդում է, որ ավտոբուսի վրա գրոհը ռուս անջատականներն են իրագործել, վերջիններս կտրականապես հերքում են մեղադրանքը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկասել է, որ Կիևը մերժում է Մոսկվայի առաջարկած կոնկրետ խաղաղության ծրագիրը։ Պեսկովի փոխանցմամբ, Պուտինը հունվարի 15-ին Պորոշենկոյին ուղարկել է նամակ, որով առաջարկել է անհապաղ հայտարարել հրադադար և շփման գծից հետ քաշել ծանր տեխնիկան։

Այսօր Ռուսաստանում և Ուկրաինայում ուղղափառները նշում են Աստվածահայտնության օրը, և չնայած կրոնական տոնին, կողմերի զինված հակամարտությունը չի դադարում։ Կիևը հայտնել է, որ ռուս անջատականները նախօրեին առնվազն 35 անգամ հրետակոծել են բանակի դիրքերը։

Ուկրաինայի արտգործնախարարությունն այսօր Մոսկվային կոչ է արել ստորագրել սեպտեմբերի 5-ին Մինսկում կնքված հրադադարի հաստատման հստակ ժամանակացույց։ Ուկրաինայում անցյալ տարվա մարտին սկսված պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 4700 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG