Մատչելիության հղումներ

Փաստաբան. Պերմյակովի՝ ռուսական զինվորականների ձեռքում հայտնվելու պահից իրավիճակն անդառնալի է


Փաստաբան Վահե Գրիգորյան, արխիվ
Փաստաբան Վահե Գրիգորյան, արխիվ

Ռուսական կողմը չի կարողանալու վերադարձնել, իսկ հայկական կողմը չի կարող հակադրվել, ասում է Վահե Գրիգորյանը։

«Մինչև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի կասկածյալի ձերբակալությունը, մենք բոլորս պետք է պահանջեինք, որպեսզի Հայաստանի իրավապահ մարմինները ձեռնարկեին բոլոր միջոցները, որպեսզի այդ տղան շարունակեր մնալ Հայաստանի իրավազորության տիրույթում», - «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Վահե Գրիգորյանը։

Նրա խոսքով, Գյումրիի սպանդի գործով հիմնական կասկածյալ, Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի՝ ռուսական զինվորականների ձեռքում հայտնվելու պահից իրավիճակն այլևս անդառնալի է. - «Ռուսական պետական մարմիններն իրականացնելու են նախաքննությունը, իրականացնելու են դատաքննությունը և նրան պատասխանատվության են ենթարկելու համապատասխանաբար, այսինքն՝ այստեղ շատ կարևոր է գիտակցել հետևյալը՝ որ փաստ է, որ այդ տղան այլևս հետ չի վերադարձվելու Հայաստանի Հանրապետության իշխանազորության տիրույթ»։

Գրիգորյանի կարծիքով՝ համաքաղաքացիները պետք է չհրաժարվեն գործի շուրջ իրենց ներկայացրած պահանջներից։

«Ավելին՝ դրանք պետք է ավելի թիրախային դարձնել. պետք է պահանջել պատասխանատվության ենթարկել բոլոր այն իրավապահներին, որոնց թույլտվությամբ, ես կասեի՝ թողտվությամբ, Ռուսաստանի քաղաքացի կասկածյալը հայտնվել է Հայաստանի Հանրապետության իշխանազորության տարածքից դուրս անվերադարձ, ավելին ասեմ՝ շատ պարզ էր, չէ՞, որ այդ տղան ունեցել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, ի՞նչն էր խանգարում արգելել ռուսաստանցի զինվորականներին մասնակցել այդ որոնողական գործողություններին, ինչը, ի դեպ, Հայաստանի իրավապահների պարտականությունն էր, որովհետև ռուսաստանցի զինվորականները չունեին նման իրավասություն և լիազորություններ», - ասաց փաստաբանը։

Գրիգորյանի խոսքով, իրավապահները նախ պարտավոր էին թույլ չտալ զինված օտարերկրյա պետության զինվորականներին դուրս գալ ռազմաբազայի տարածքից, եթե դուրս գալը պայմանավորված չէր միջազգային պայմանագրով նախատեսված նպատակների համար, իսկ սա ակնհայտորեն ուղղված չէր այդ նպատակներից որևէ մեկի բավարարմանը։

Փաստաբանի պնդմամբ՝ հայկական կողմը պետք է ապահովեր, որպեսզի Ռուսաստանի Դաշնության քաղաքացի կասկածյալը որևէ կերպ չհայտնվեր ռուսաստանյան զինվորականների կամ այլ իրավապահների ձեռքում։

«Որովհետև դա լինելու է անվերադարձ. ռուսական կողմը չի կարողանալու վերադարձնել, իսկ հայկական կողմը չի կարող հակադրվել նրանց, քանի որ նրանք զինվորականներ են, այսինքն՝ այստեղ այն իրավիճակը չէ, որ դուք սկսեք զենք օգտագործել մեկը մյուսի նկատմամբ», - ասաց Վահե Գրիգորյանը:

«Նվազագույն նախանձախնդրություն իր պետության ինքնիշխանության նկատմամբ ունեցող իրավապահը ոչ միայն պետք է արգելեր զենքով այդ զինվորականների դուրս գալը ռազմաբազայի տարածքից և նրանց՝ որոնողական ու ոստիկանական գործողություններին մասնակցելը, այլև նվազագույն պրոֆեսիոնալիզմ պետք է դրսևորեր, պարեկային ծառայություն ապահովել այն տարածքներում, որտեղ հնարավոր էր, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի կասկածյալը հանձնվեր իր իսկ երկրի իշխանությանը։ Այսինքն՝ դու կարող էիր հանգիստ վերահսկել տարածքը», - շեշտեց փաստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG