Մատչելիության հղումներ

Գյումրիի ծերերի տուն-ինտերնատում հրդեհի հետևանքով երկու կին է զոհվել


Այսօր ժամը 7:07 տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ծերերի տուն-ինտերնատում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով, սենյակներից մեկում առկա է երկու կնոջ դի:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական վարկածի` Երևանյան խճուղու թիվ 18 հասցեում` տուն ինտերնատի թիվ 53 սենյակում, էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցից տեղի է ունեցել թերայրում, ինչից ծխահարվել և մահացել են 62-ամյա Ա. Օ.-ն (աջ բազկի հատվածում այրվածքներ) և 81-ամյա Հ. Ա.-ն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ պատահարը տեղի է ունեցել ժամը 6-ի սահմաններում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով, դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ քննության, տուն ինտերնատի համապատասխան աշխատակիցների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն: Ձևավորվել է աշխատանքային խումբ, որն առավոտյան մեկնել է Գյումրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG