Մատչելիության հղումներ

«Կենտրոն մաքրության» նախկին աշխատակիցները շարունակում են բողոքել


«Կենտրոն մաքրության» նախկին աշխատողները Կառավարության շենքի, ապա՝ նախագահականի մոտ, 12-ը հունվարի, 2015թ.
«Կենտրոն մաքրության» նախկին աշխատողները Կառավարության շենքի, ապա՝ նախագահականի մոտ, 12-ը հունվարի, 2015թ.

Կենտրոն համայնքում նախկինում մաքրություն իրականացնող աշխատողների մեծ մասն այսօր անգործ է մնացել։

Նրանք նաև պնդում են, որ չեն ստացել խոստացված աշխատավարձերը։ Աշխատողներն այսօր հանդիպել են «Սանիտեկ» ընկերության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ «Կենտրոն մաքրություն»-ից հետո Քաղաքապետարանի հետ պայմանագիր էր կնքել հենց այս ընկերությունը։

«Սանիտեկ»-ի տնօրեն Մադլեն էլ Բոլբոլի խոսքով իրենք վճարել են ըստ չափագրված տարածքների և ոչ թե նախկին մոտավոր թվերով։

«Խնդիրն այն է, որ նախկինում նրանց տվել են ասենք 20 հազար քառակուսի մետր։ Մենք չափագրումներ ենք անում և տեսնում եմ, որ այդ 20 հազարի փոխարեն նրանք մաքրում են 7 հազարը։ Հնարավոր չէ, որ փողոցները պայմանագրով նախատեսվածից ավելի մեծ լինեն։ Բացի այդ նաև ավլող մեքենաներ ունենք։ Մենք աշխատողներին անընդհատ նոր առաջարկներ ենք անում և հնարավորություն տալիս, բայց նրանք ցույցեր են կազմակերպում՝ աշխատելու փոխարեն», - ասում է ընկերության տնօրենը։

Նա նաև նշում է, որ «Սանիտեկ»-ն աշխատողներին ամեն քառակուսի մետրի համար նախկին 17.8-ի փոխարեն առաջարկում է 20 դրամ, պայմանով, որ նրանք բացի մաքրելուց նաև աղբը կհավաքեն։

«Ես ինքս ավլել եմ փողոցը, հավաքել եմ աղբն ու դրել դա պարկերի մեջ, տեսնելու համար, թե արդյո՞ք կինն այսպիսի աշխատանք կարող է կատարել», - ասում է Մադլեն էլ Բոլբոլը։

«Կենտրոն մաքրության» նախկին աշխատակիցները պնդում են, որ իրենց համար թեև այս պայմաններով աշխատելը շատ ավելի ծանր է եղել, բայց ստիպված համաձայնել են՝ արդյունքում ստանալով ավելի քիչ գումար։

«Դեկտեմբերին մենք աշխատավարձի կեսը ստացանք։ Դրա համար որոշեցինք գնալ տուն, մինչև լուծում լինի։ Ժողովուրդը չհամաձայնեցին չափագրման սպասել՝ ասեցինք մենք պարտքերի, տոկոսի տակ ենք»,- ասում է նախկին աշխատակից Ռուզաննա Աճեմյանը։

Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կարլեն Ղազարյանը, ով նույնպես ներկա էր հանդիպմանը հրաժարվեց պատասխանել, թե նախկինում չափագրման ինչ սկզբունքներ են գործել և ի՞նչն է դարձել այսպիսի իրարանցման պատճառ։ Աղբահանության և սանմաքրման բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանն էլ միայն ավելացրեց, որ նոր չափագրման և աշխատավարձերի վերանայման կարիք կա։

«Տարոն Մարգարյանը եկավ հրապարակում ելույթ ունեցավ՝ ժողովուրդ ջան լավ կլինի՝ էսքան աշխատող ա մեզ պետք, մեխանիզմ ենք ստացել, ամիսը 500 դոլար աշխատավարձ կլինի։ Վերջում էլ բերեցին մեզ տուպիկի դեմ կանգնացրեցին, մեզ էլ գործից հանեցին շպրտեցին դուրս։ Մեղք չե՞նք, 150 հոգի մնացել ենք դուրս։ Մեկն անտուն ա, մեկը տոկոսի տակ», - ասում է «Կենտրոն մաքրություն» ընկերության նախկին աշխատակից Օֆելյա Չոբանյանը։

Նախկին աշխատողներից նոր պայմաններով այժմ միայն քսանն է աշխատում։ «Սանիտեկ» ընկերությունը նոր աշխատողներ է ընդունել և 20-30 թափուր հաստիք ունի միայն։ Հանդիպման մասնակիցներին այսօր նոր առաջարկ արվեց՝ բակային տարածքները մաքրել 80 հազար դրամ աշխատավարձով։ Նրանք, սակայն, ցանկանում են աշխատել նախկին պայմաններով և պատրաստվում են դիմել դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG