Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին:
ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Քոչարյանը և Վոլինկինը հանդիպմանը խորը մտահոգություն են հայտնել հունվարի 12-ին Գյումրիում կատարված Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ:
«Ռուսաստանի դեսպանը դեպքի առնչությամբ հայտնեց իր ցավակցությունը և նշեց, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Նա ընդգծեց, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը լիովին համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ և աջակցություն ցուցաբերում գործի քննությանը»,- ասված է հաղորդագրությունում։
Գյումրիում այսօր սպանվել են Մյասնիկյան փողոցի տներից մեկում բնակվող Սերյոժա Ավետիսյանի ընտանիքի վեց անդամները: Ինչպես փոխանցում են Քննչական կոմիտեից, հիմնական կասկածյալը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պավլովիչ Պերմյակովն է, ով այսօր մինչ դեպքը փախուստի էր դիմել զորամասից: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։