Գերմանիայի ոստիկանները ձերբակալել են երկու անձի, ովքեր կասկածվում են ֆրանսիական երգիծական «Շառլի Էբդո» շաբաթաթերթի ծաղրանկարները արտատպած գերմանական թերթի՝ «Համբուրգեր Մորգենփոստի» գրասենյակը հրկիզելու փորձի մեջ:
«Համբուրգեր Մորգենփոստը» տեղեկացրել է, որ հարձակման արդյունքում ոչնչացվել են փաստաթղթերով մի քանի թղթապանակներ, հրդեհը արագորեն մարվել է:
Իշխանությունները թերթի ներքնահարկում՝ արխիվային բաժանմունքում, քարեր և «մոլոտովի կոկտեյլ» են հայտնաբերել:
Ոստիկանները պահպանություն են սահմանել մի շարք այլ գերմանական թերթերի խմբագրություններում, որոնք նույնպես արտատպել են «Շառլի Էբդոյի» ծաղրանկարները:
Հիշեցնենք՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը տպագրած ֆրանսիական երգիծական շաբաթաթերթը հունվարի 7-ին հարձակման էր ենթարկվել, ահաբեկիչները սպանել էին թերթի 12 աշխատակիցների: Այդ միջադեպին հաջորդած իրադարձություններում ևս 5 անմեղ մարդ էր զոհվել, ոստիկանների հետ բախումներում սպանվել էին նաև 3 ահաբեկիչները: