Մատչելիության հղումներ

Երևանցիները դժգոհ են տոնական օրերին տրանսպորտի աշխատանքից


Երևանցիները տպավորություն ունեն, թե ամանորյա շարունակվող արձակուրդը տարածվել է նաև երթուղային տրանսպորտի վրա:

«Երկար սպասում ենք․ մոտ 20 րոպե, 25 րոպե, նայած ժամանակ․․․ Շատ վատ է աշխատում տրանսպորտը», - «Ազատությանն» ասաց կանգառում երթուղայինի սպասող մի երիտասարդ կին:

«Ավտոբուս ընդհարհապես չկա, երթուղայինները շատ քիչ են», - հավելեց մեկ ուրիշը:

«Ուղևորները պակասել են», - ասաց վարորդներից մեկը: - «Քանի որ էս ուսանողական գիծ ա, հիմա չկան ուսանողները, ընենց ա լինում, որ մի հինգ հոգով գալիս-հասնում ես Կայարան»:

«Ազատության» հետ զրույցում երթուղայինների վարորդները ասացին, որ իրենք վնասով են աշխատում, որովհետև ուղևորները քիչ են: Նրանք, սակայն, մտահոգություն հայտնեցին, որ տոներից հետո նույնպես վնասով կաշխատեն՝ եթե երթուղայինների ուղեվարձը չբարձրանա:

«50 դրամ թանկացել ա: Գազին ավել ենք վճարում: Օրը երկու, երկուսուկեսից ավել ես ավել փող եմ տալիս գազին: Ամեն ինչ թանկացավ՝ զապչատից, յուղից բռնած, պակրիշկից բռնած․․․ Ավտո չի ըլնում պահել դրանով: Գոնե մի երկու հարյուր ըլնի ուղեվարձը, որ կարանաս ավտոյին տիրություն անես», - ասաց նրանցից մեկը:

Տոներից առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասել էր, թե երթուղայինների ուղեվարձի բարձրացումը կապված է գազի գնի հետ, ուստի պատրաստվում են տոներից հետո հետևել գազի գներին ու հստակեցնել անելիքը:

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում ասաց, թե միամտություն է երթուղայինի ուղեվարձը գազի գնով պայմանավորելը:

Նա առաջարկում է ուղեվարձը դարձնել 300 դրամ, որպեսզի կարողանան նաև երթուղայինների տեխնիկական խնդիրները լուծել․ - «Ես ոչ էլ ակնկալում եմ, որ դա պետք է վճարի ուղևորը: Իշխանությունները պետք է տան այդ գումարը: Ամբողջ աշխարհում քաղաքային տրանսպորտը աշխատում է դոտացիայով․․․ Ես առաջարկում եմ 300․ 200-ը թող իշխանությունները տան, թող ազատեն հարկերից բոլոր տեսակի»:

Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող Բաբկեն Պիպոյանի կարծիքով, գազի թանկացումը տրանսպորտի սակագնի բարձրացման վրա կարող է ունենալ ընդամենը չնչին ազդեցություն: Նրա հաշվարկով, անգամ թանկացման դեպքում, ուղեվարձը կարող է հասնել առավելագույնը 103 դրամի:

«Ընդհանուր ծախսի մեջ վառելի ծախսը չի հասնում 25 տոկոս: Այսինքն՝ 25 տոկոս մասով թանկացում է լինում 10 տոկոսի: Այսինքն ընդհանուր կազմում է 2.5-3 տոկոս», - փաստարկեց Պիպոյանը:

Եթե գազի թանկացման պատրվակով քաղաքապետարանը բարձրացնի ուղեվարձը, ապա, ըստ Պիպոյանի, դա կնշանակի, որ քաղաքային իշխանությունը պարզապես «գլուխն ազատում է խնդրին հիմնավոր լուծում տալուց»:

Նա վստահ է, որ միայն արմատական փոփոխությունները կարող են ապահովել մատչելի և որակյալ հանրային տրանսպորտ․ - «Արագ կազմվում են նոր գծեր, որոնք իրականում կլինեն ճիշտ կառուցված և կփոխարինեն: Նոր գծերով ավտոբուսներով մուտք ենք ապահովում և կտեսնենք, որ ինքնարժեքը էականորեն փոխվում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG