Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի Պոտսդամ մայրաքաղաքից այսօր առավոտյան տարհանվել է ավելի քան 10 հազար մարդ։ Պատճառը, ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության, քաղաքում հայտնաբերված՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած 250 կիլոգրամանոց ռումբն է:
«Պայթուցիկն այնքան էլ լավ վիճակում չէ, և եթե սակրավորները չկարողանան այն վնասազերծել, ապա ստիպված ռումբը կոչնչացվի վերահսկվող պայթյունի միջոցով», - հայտարարել է Պոտսդամի ոստիկանության ներկայացուցիչը։
Այժմ օպերատիվ ծառայության աշխատողներն ու կամավորները զննում են շրջափակված տարածքը՝ վստահ լինելու համար, որ վտանգավոր տարածքում բնակիչներ չեն մնացել։
Վտանգավոր գոտում է նաև Պոտսդամի երկաթուղային կայարանը, որտեղ այս պահին գնացքները կանգ չեն առնում։
Երկրորդ աշխարհամարտի վերջերին Գերմանիայի վրա նետվել է ավելի քան 2 միլիոն ռումբ, որի ավելի քան 20 տոկոսը չի պայթել։