Մատչելիության հղումներ

Պուտինը՝ «Տարվա մարդ» Ռուսաստանում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիսության ժամանակ, 22-ը դեկտեմբերի, 2014թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիսության ժամանակ, 22-ը դեկտեմբերի, 2014թ․

1999 թվականից սկսած նա այդ անվանակարգում առաջինն է։

«Լևադա» կենտրոնի» հարցախույզի արդյունքների համաձայն, ռուսաստանցիների մեծամասնությունը` 57 տոկոսը, «Տարվա մարդ» է համարում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Դա, ըստ «Լևադա»-ի, ռեկորդային ցթուցանիշ է, քանի որ 2013-ին Պուտինը «Տարվա մարդ» է համարվել հարցվածների 26 տոկոսի, իսկ 2012-ին` 28 տոկոսի կարծիքով։ Ի դեպ, Պուտինը 1999 թվականից անընդմեջ հռչակվում է «Տարվա մարդ»։

Այս տարվա ցանկում երկրորդ տեղում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է` նրան «Տարվա մարդ» է համարել հարցվածների 9 տոկոսը։

Երրորդ տեղում` 8 տոկոսով, արտգործնախարար Սերգեյ Լավրովն է։ Արտաքին գերատեսչության ղեկավարի անունն առաջին անգամ է հայտնվել այդ ցուցակում, մինչդեռ Շոյգուն 2012 թվականից սկսած զբաղեցնում է երկրորդ տեղը։

Ռուսաստանի ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևին «Տարվա մարդ» է համարել ռուսաստանցիների 4 տոկոսը, հնգյակը ստացած 3 տոկոսով եզրափակում է լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին։

«Լևադա» կենտրոնը նշում է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ օտարերկրացիներ ցուցակում չկան: 2013-ին «Տարվա մարդ» անվանակարգում 4-րդ տեղում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից, Ռուսաստանում ապաստանած էդուարդ Սնոուդենն էր։ Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Բարաք Օբաման 2009-ին զբաղեցրել է 3-րդ, իսկ 2012-ին` 4-րդ տեղը։

«Տարվա կին» անվանակարգում ռուսաստանցիները նախապատվությունը տվել են Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին, ով առաջին տեղն է գրավել է նաև 2008, 2010 և 2011 թվականներին։ Երկրորդ տեղում երգչուհի Ալլա Պուգաչովան է, երրորդը` «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ելիզավետա Գլինկան, չորրորդը` Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան։ Իսկ հնգյակը եզրափակում է միակ օտարերկրացի կինը` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նշենք, որ Times հանդեսն անցած շաբաթ հենց Մերկելին է անվանել «Տարվա մարդ»։

«Լևադա» կենտրոնը դեկտեմբերի 19-22-ը անցկացրած հարցախույզի ընթացքում պարզել է նաև, թե տարվա որ իրադարձությունն է ամենակարևորը ըստ ռուսաստանցիների։

Առաջին տեղում Սոչիի ձմեռային Օլիմպիադան է, երկրորդը` ռուբլու աննախադեպ անկումը, երրորդը` Ռուսաստանին միանալու հարցով Ղրիմում և Սևաստոպոլում անցկացված հանրաքվեն, որը, հիշեցնենք, չի ճանաչվում միջազգային համայնքի կողմից։ Չորրորդ ամենակարևոր իրադարձությունը, ըստ ռուսաստանցիների, նավթի գների անկումն է, իսկ հինգերորդ ամենակարևոր իրադարձությունը` նախագահ Վլադիմիր Պուտինի տարեկան մամլո ասուլիսը։

Եվ միայն այդ իրադարձություններից հետո են հարցվածները նշել ուկրաինական զարգացումները` իշխանափոխությունը, Արևուտքի սահմանած պատժամիջոցները, Դոնբասի պատերազմը, մալայզիական «Բոինգ»-ի կործանումը։ Ռուսաստանցիների մի մասը կարևորել է էբոլայի համաճարակը, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, «Տոտալ» ընկերության ղեկավարի օդանավի աղետը, Շոտլանդիայի անկախության հանրաքվեն և նույնիսկ Կոնչիտայի հաղթանակը Եվրատեսիլում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG