Մատչելիության հղումներ

Ավարտվեց աֆղանական 13-ամյա պատերազմը


2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո էր, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի հրամանով Ամերիկան ռազմական գործողություններ սկսեց ընդդեմ Ալ Ղաիդայի ահաբեկչական մարզական ճամբարների, պատերազմ, որը տևեց 13 տարի։

ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերկարատև այս պատերազմի ավարտն ազդարարող արարողության ժամանակ Անվտանգության աջակցության միջազգային ուժերի հրամանատար, ամերիկյան բանակի գեներալ Ջոն Քեմփբելը Քաբուլում հայտարարեց, թե այս պատերազմը, տալով մարդկային հսկայական կորուստներ, միևնույն ժամանակ դարձել է մեծ ձեռքբերումների պատճառ՝ բացելով ուղի այս երկրում պայծառ ապագա կառուցելու ուղիներ։

Ելույթ ունենալով Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի և Աֆղանստանի ժողովրդի անունից՝ անվտանգության հարցերով խորհրդական Հանիֆ Աթմարը խորը երախտագիտություն հայտնեց 2001 թվականից ի վեր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի կողմից իրականացված ջանքերի ու զոհողությունների համար։

Այս պատերազմի ավարտը եղել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի առաջնային խնդիրը։ Պատերազմը, որին զոհ է գնացել դաշնակից ուժերի մոտ 3500, այդ թվում՝ ամերիկացի 2ՕՕՕ զինվորական, ծախսել է ավելի քան 1 տրիլիոն դոլար։

Սակայն զորքերն այս երկրից դուրս բերելու ժամանակահատվածն անցած մեկ տարվա ընթացքում Վաշինգտոնում դարձել էր լուրջ տարաձայնությունների առարկա։ Անվտանգության աջակցության միջազգային ուժերի նախկին հրամանատար Ջոզեֆ Դանֆորդը դեռևս մարտ ամսին չարագուշակ կանխատեսում էր արել այն մասին, որ 2Օ14 թվականին միջազգային ուժերի դուրսբերումից հետո Աֆղանստանի անվտանգությունը կխարխլվի։

Սակայն Բարաք Օբաման այս հարցում անդրդվելի էր։ Զորքերն Աֆղանստանից դուրս բերելու նրա որոշումը մնաց ուժի մեջ։ Սեպտեմբեր ամսին էլ Աֆղանստանի հետ կնքվեց երկար սպասված այն համաձայնագիրը, որն ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին թույլ է տալիս այստեղ պահպանել 13 հազար թվակազմով ոչ մարտական ուժեր, որոնց նպատակն Աֆղանստանի անվտանգության ուժերում մարզումների և խորհրդատվական ծառայությունների մատուցումը պիտի լինի։

ԱՄՆ-ի հանրապետական սենատորներից Ջոն Մաքքեյնը, որը զորքերի դուրսբերման ժամանակացույցի հարցում Օբամայի վարչակազմի ամենախիստ քննադատներից էր, այսօր ցանկանում է հավատալ, որ ամեն ինչ կընթանա սահուն։«ԱՄՆ-ը այժմ պիտի զարկ տա Աֆղանստանի հետ համագործակցությանը և այս երկրին տրամադրվող օժանդակությանը»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Աֆղանստանի բնակչությանը, ապա նրանց մի մասը ցանկանում է հավատալ, որ երկրի անվտանգության ուժերը կկարողանան ապահովել իրենց անվտանգությունը։ Շատերն էլ ունեն մտավախություն, որ երկրի ներկա կայունությունը կարող է հայտնվել նոր վտանգի ներքո, երբ «Թալիբանն» այսօր հայտարարում է, թե 13-ամյա այս պատերազմում ԱՄՆ-ը ու ՆԱՏՕ-ն կրել են պարտություն։

Հիմա ամենակարևորն այն է, որ Աֆղանստանի անվտանգության ուժերն ապացուցեն, որ ո՛չ «Թալիբանը», ո՛չ էլ ծայրահեղական մեկ այլ խմբավորում այլևս վտանգ չեն Աֆղանստանի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG