Մատչելիության հղումներ

Բեռլինում մահացել է Վահան Հովհաննիսյանը


Անցած գիշեր Բեռլինի հիվանդանոցում վախճանվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը։

Նախքան դիվանագիտական ծառայության անցնելը Վահան Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ պատգամավոր էր, նախկինում ԱԺ փոխխոսնակ, ՀՀ նախագահի խորհրդական, ՀՅԴ Բյուրոյի անդամ, խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար։ 1990-ական թվականներին մասնակցել է արցախյան պատերազմին։

1991 թվականին Վահան Հովհաննիսյանը ՀՅԴ կողմից առաջադրվել է ՀՀ փոխնախագահի թեկնածու (նախագահության թեկնածուն Սոս Սարգսյանն էր), իսկ 2008 թվականին` նախագահության թեկնածու։

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք 1995-98 թվականներին քաղաքական դրդապատճառներով բանտարկվել է, ՀՀ առաջին նախագահի հրաժարականին հաջորդած զարգացումների արդյունքում ազատ է արձակվել և անմիջապես վերադարձել է քաղաքական ակտիվ գործունեության։

Վահան Հովհաննիսյանը մասնագիտությամբ պատմաբան-հնեաբան էր, պատմագիտության թեկնածու, մոտ երեք տասնյակ գիտական աշխատությունների հեղինակ։ 2013 թվականին հեղինակել է նաև «Մանդիլիոն» վեպը։

Անցյալ տարի ճիշտ այս օրը նախագահի հրամանագրով նշանակվել է Գերմանիայում Հայաստանի դեսպան։

Մի քանի տարի առաջ Վահան Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ։ Վիրահատությունից և դրան հաջորդած քիմիաբուժությունից հետո նրա առողջական վիճակը միառժամանակ բարելավվել է, սակայն վերջին ժամանակաշրջանում` մետաստազների տարածման հետևանքով կտրուկ վատթարացել է, պահանջվել են նոր վիրահատություններ և բուժման կուրս։

Դեկտեմբերի կեսին «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ մասնավոր զրույցում Վահան Հովհաննիսյանը երախտագիտությամբ է խոսել իր համար այդ ծանր վիճակում Հայաստանի պետության, Գերմանիայում ՀՀ դեսպանության աշխատակազմի, Հայ հեղափոխական դաշնակցության, դաշնակցական ընկերների, մտերիմների և բարեկամների ցուցաբերած աջակցության մասին։

Վահան Հովհաննիսյանն այդ զրույցում ցավով նշել է, որ առողջական խնդիրների բերումով ի զորու չէ ավարտին հասցնել հայ-գերմանական կապերի խթանմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև մի շարք կարևոր նախաձեռնություններ, որոնք մտադիր էր իրականացնել 2015 թվականին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում։

Վահան Հովհաննիսյանի ընտանիքը հաստատել է, որ հանգուցյալի դին առաջիկա օրերին կտեղափոխեն հայրենիք։ Հուղարկավորության օրը ճշտվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG