Մատչելիության հղումներ

Գազի սակագնի բարձրացումը՝ մտահոգության պատճառ


Հունվարի 1-ից գազի գնի բարձրացմամբ պայմանավորված տրանսպորտի սակագնի փոփոխություն, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա, քանի դեռ այս հարցը քննարկող հանձնաժողովը չի ավարտել իր աշխատանքները, «Ազատության» հետ զրույցում այսօր կարծիք հայտնեց հանձնաժողովի անդամ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Չեմ ուզում ասել՝ վստահ եմ, բայց կարծում եմ, որովհետև ի սկզբանե ձևավորվեց հանձնաժողով որպեսզի քննարկեն մեխանիզմները, հասկանան գինը և այլն, շարժվեն դրանով և սահմանենք նաև չափորոշիչներ», - նշեց նա:

Հիշեցնենք՝ «Գազպրոմ Արմենիայից» երեկ «Ազատության»-ը հայտնել էին, որ հունվարի 1-ից խոշոր սպառողներին, մասնավորապես՝ գազալցակայաններին վաճառվող գազի գինը յուրաքանչյուր խորանարդի մեջ կբարձրանա շուրջ 15 դրամով:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Երևանի փոքաղաքապետ, նույն հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը տրասպորտի գնի հավանական բարձրացումը կապել էր գազի գնի հնարավոր բարձրացման հետ:

Այդուհանդերձ, Պիպոյանը գազի թանկացման և տրասպորտի սակագնի բարձրացման միջև ուղղակի կապ չի տեսնում: Քաղաքապետարանի ներկայացրած տրանսպորտային ծախսերի ուսումնասիրության հիման վրա սեփական հաշվարկներն անելով՝ նա հանգում է հետևյալ եզրակացության․ մեկ միկրոավտոբուսի մեկ ամսվա ծախսը միջինը 1 միլին 45 հազար դրամ է, որից միայն գազի ծախսը 214.000 դրամ է կազմում:

«Այսինքն՝ առավելագույնը փոփոխության է ենթարկվելու ինքնարժեքի 20 տոկոսը: Այսինքն, տրանսպորտի սակագնի վրա զուտ գազը կարող է ազդեցություն ունենալ առավելագույնը երկու տոկոսի չափով», - ասում է նա:

Պիպոյանը նաև մատնանշում է մայրաքաղաքի և մարզերի գազալցակայաններում վաճառվող գազի գների տարբերությունը:

«160-ից մինչև 230 կոնտրաստ ունենք: Մենք պետք է հասկանանք ինչպե՞ս է լինում, որ Արմավիրում գազը այս գնով են վաճառում, Երևանում այս գնով են վաճառում: Եթե, իրականում, նորմալ ուսումնասիրություն արվի և պետական լծակը նորմալ կիրառվի, այս 15 դրամի թանկացումից հետո մենք Երևանում կունենանք ավելի էժան գին քան ունենք այսօր», - ասում է նա:

Երթուղայինների վարորդները գազի հնարավոր թանկացման մասին մեր հարցին պատասխանում էին, թե եթե տրանսպորտի սակագինը համապատասխանաբար չբարձրանա, իրենք պարզապես կհրաժարվեն մեքենա վարելուց:

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամ, քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանը վստահ է՝ եթե նոր տարում տրանսպորտը նոր՝ ավելի բարձր սակագնով աշխատի, վրդովմունքի նոր ալիք է բարձրանալու:

«Ակնհայտ է դառնում, որ սա ընդամենը մի քանի հոգու հարստացման, գերշահույթներ ստանալու հետ կապված խաղ է: Անմիջապես իրենք չեն կարող իրականացնել այդ կեղտոտ խաղերը, հետևաբար պետք է այնպես խաղան, որ ժողովուրդը ժողովրդի դեմ դուրս գա: Սակայն վստահ եմ, որ ինչպես անցած անգամ, այս անգամ ևս կհաջողվի խուսափել նման կոնֆլիկտից», - ասում է նա:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ կարծում է, որ մայրաքաղաքում տրանսպորտի խնդիրը լուծելու համար հարկավոր է կառուցվածքային փոփոխություն կատարել: Իսկ դրա առաջին քայլը, ըստ Պիպոյանի, միկրոավտոբուսներից առհասարակ հրաժարվելն ու տրանսպորտային ծախսերի հաշվարկը այդ փոփոխության հիման վրա կատարելն է:

«Այս փոփոխությամբ պայմանավորված կհասկանանք ի վերջո՝ մեկ ուղևորի համար որքան կդառնա գումարը, և եթե կլինի 110 դրամ՝ այդ ժամանակ նոր պետությունից կպահանջենք այդ 10 դրամի փոխհատուցումը: Եթե չի դառնա 110 դրամ, կլինի՝ 95 դրամ, բնականաբար ոչ մեկից ոչինչ չենք պահանջի», - ասում է Պիպոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG