Մատչելիության հղումներ

Նախագահականի առջև հավաքված նաիրիտցիները ցրվեցին ձեռնունայն


«Նաիրիտ»-ի ցուցարարներին նախագահականում այսօր ոչ ոք չի ընդունել
please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն Ամանորն առանց աշխատավարձի կդիմավորեն։ Այսօր գործարանի աշխատողները նորից հավաքվել էին նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով 18 ամիսների չստացած աշխատավարձը։

«Իմ երեխեքը երեխա չեն, ես Նոր տարի երևի չեմ ուզում անեմ, կամ չգիտեմ ինչ են մտածում իրանք։ Իրանք թող «կրակադիլ» ուտեն, բայց ես ուզում եմ, որ մեկը հյուր գա, ես ամոթով չմնամ», - մեզ հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը:

Հիշեցնենք, որ ամսվա սկզբին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր ընդունել նաիրիտցիների պատվիրակությանը: Այդ հանդիպումից հետո նրանց մեկ ամսվա աշխատավարձ էր վճարվել միայն։

Աշխատավարձի պարտքը միակ խնդիրը չէ: Վերջին մեկ ամսվա ընթացքում «Նաիրիտի» ավելի քան 2000 աշխատողներ ծանուցագրեր են ստացել․ փետրվարից նրանք արդեն գործարանի աշխատողներ չեն համարվի:

Նաիրիտցիները կառավարությանն ուղղած իրենցնամակի պատասխանը ստացել են, բայց դա նրանց չի բավարարել։

«Պատասխանների մեջ ոչ մի էական, մեր խնդրի վրա լույս սփռող որևէ նախադասություն չկար։ Ամբողջը սվաղած, լղոզած արտահայտություններ էին», - ասում էին «Նաիրիտի» աշխատակիցները՝ հավելելով, թե նամակում հստակություն կա միայն մեկ հարցում՝ փետրվարի 6-ին մարդկանց աշխատանքից ազատելու են:

Գործարանի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում նշեց՝ հստակ չէ, թե վերջնահաշվարկը երբ կարվի։ Հայտնի չէ նաև, թե երբ պարզություն կմտնի այն 400 նաիրիտցիների հարցում, որոնց խոստացել են հետ ընդունել աշխատանքի: Ինչ վերաբերում է մյուս 1700-ին, ապա վերջիններս, իրենց խոսքով, անելանելի դրության մեջ են:

«Մենք օգուտ չստացանք ոչ վարչապետից, ոչ էներգետիկայի նախարարից։ Գալիս են այստեղ ժողովուրդը, սառում են ու թողնում-գնում են։ Մեր նախագահն ասում է, որ այսքան աշխատատեղ է բացել, բայց 2700 աշխատատեղ է փակում։ Այդ ինչպե՞ս եղավ, որ հա՛մ բացում է, հա՛մ էլ փակում։ Դրա բացելը որտե՞ղ է, որ չի երևում», - դժգոհում էր մի ցուցարար:

Նաիրիտցիներին այսօր խոստացել էին, որ նախագահի աշխատակազմի ղեկավարը կընդունի իրենց պատվիրակությանը, բայց մի քանի ժամ անց ցուցարարներինհայտնեցին, որ պաշտոնյան զբաղված է և չի կարող ընդունել իրենց:

«Իրենց մոտ հիմա տոնածառի նվերներ են բաժանում, իսկ մեզ արհամարած ունեն, թե ինչ պահանջներ ունենք։ Մենք պահանջում ենք մեր աշխատավարձը և նոր և հին պարտքերը», - ասում էր «Նաիրիտի» մեկ այլ աշխատակից:

«Նաիրիտ» գործարանի աշխատողները նախագահի նստավայրի մոտից հեռացան «աշխատավարձ» և «ամոթ» վանկարկումներով՝ խոստանալով վերադառնալ արդեն երկուշաբթի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG