Մատչելիության հղումներ

Շարմազանով․ «Աշունը, չնայած տարբեր կանխատեսումների, թեժ չստացվեց»


Շարմազանով․ «Աշունը, չնայած տարբեր կանխատեսումների, թեժ չստացվեց»
please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00

Ըստ ԱԺ փոխնախագահի, ընդդիմությունը քննադատում էր, իշխանությունը՝ աշխատում։

Հանրապետականների համար 2014 թվականը հագեցած և դժվարին տարի էր, երեկ երեկոյան կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ ԱԺ փոխնախագահի, եղան թե՛ նվաճումներ, թե՛ բացթողումներ, բայց, ընդհանուր հաշվարկով, ձեռքբերումներն ավելի շատ էին։ Նա նաև արձանագրեց՝ 2014 թվականը ցույց տվեց, որ Հայաստանի ամենածանրակշիռ և առաջատար քաղաքական ուժը հենց «Հանրապետական» կուսակցությունն է:

«Այո՛, տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ունի ամենամեծ շանսերը մնալու ամենաառաջադեմ և ազդեցիկ կուսակցությունը», - ասաց Շարմազանովը:

Որպես ապացույց, նա նշեց խորհրդարանում հանրապետականների կատարած աշխատանքները և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնցում հաղթողները մեծամասամբ իշխող կուսակցության ներկայացուցիչներ էին:

Քաղաքական տարին «Հանրապետական»-ի խոսնակը սովորական գնահատեց. - «Սովորականի պես, ընդդիմությունը քննադատում էր, իշխանությունը աշխատում էր, որոշ դեպքերում կարող էին լինել էմոցիոնալ գնահատականներ, բայց քաղաքական կյանքը դրանից հեռու չէ։ Առանց էմոցիոնալ գնահատականների, չի լինում քաղաքական պայքար։ Աշունը, չնայած տարբեր կանխատեսումների, թեժ չստացվեց»։

Շարմազանովի խոսքով, երկու հանրահավաքներով քաղաքական աշունը չէր կարող թեժ լինել, իսկ, եթե թեժ լիներ, ապա լրագրողները Ազատության հրապարակում կլինեին, այլ ոչ իր ասուլիսին:

Ոչ իշխանական ուժերից Հայ ազգային կոնգրեսում (ՀԱԿ), մինչդեռ, կարծում են, որ աշունը թեժ է եղել։ Կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների հետաձգումը, իսկ տպավորիչ հանրահավաքները, ըստ Մուսինյանի, ապացուցում են, որ աշունը թեժ էր։

Ինչ վերաբերում է հանրապետականների այն հայտարարությանը, թե ամենածանրակշիռ և առաջատար քաղաքական ուժը հենց իրենք են, քանի որ, օրինակ, հաղթել են ՏԻՄ ընտրություններում, Մուսինյանը խորհուրդ տվեց լուրջ չվերաբերվել։

«Որոնք կեղծվում են նույն «Հանրապետական» կուսակցության և վարչախմբի կողմից։ Պետք չէ այդ չակերտավոր փաստարկներին լուրջ վերաբերվել, ցանկացած անցորդի հարցրեք, մեր ժողովուրդը շատ իմաստուն ժողովուրդ է, բոլորը շատ մատչելի և հստակ կերպով կմատնանշեն մեր երկրում ստեղծված այս վիճակի գլխավոր մեղավորին՝ Սերժ Սարգսյանին և նրա վարչախմբին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մուսինյանը։

«Բարգավաճ Հայաստան»-ի համար նույնպես քաղաքական տարին ստացված էր, իսկ աշունը՝ թեժ։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով, 2014 թվականին ոչ իշխանականներին ստացվեց համախմբվել իշխանափոխության ծրագրի շուրջ, իրենց միացան նաև արտախորհրդարանական մի շարք ուժեր, ինչը հիմք է տալիս կանխատեսելու, որ 2015 թվականին լուրջ համակարգային փոփոխություններ կլինեն։

Ինչ վերաբերում է հանրապետականների հայտարարությանը, թե «իրենք են առաջատար և ծանրակշիռ ուժը», Միքայել Մելքումյանը խորհուրդ տվեց հետևել ժողովրդի գնահատականին։

«Ես էլ հակառակ հարց եմ տալիս՝ ժողովրդի կենսամակարդակը լավացե՞լ է՝ ոչ, աղքատությունը քչացե՞լ է՝ ոչ, գործազրկությունը կրճատվե՞լ է՝ ոչ, արտագաղթը կասեցվե՞լ է՝ ոչ, է՞լ որը ասեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելքումյանը։

Մելքումյանի խոսքով, Գագիկ Ծառուկյանի կողմից հունվարի 20-ին հրավիրված խորհրդաժողովին ամփոփելու են անցած գործողությունները և որոշելու հետագա քայլերը։

ՀԱԿ-ում հայտարարում են, որ եկող տարի էլ շարունակելու են աշխատել Սերժ Սարգսյանին և հանրապետականներին իշխանությունից հեռացնելու ուղղությամբ։

Ոչ իշխանականների կողմից առաջիկայում իրականացվելիք միջոցառումներին իշխող հանրապետականում նորմալ են վերաբերում, բայց պայմանով, որ դա տեղավորվի օրենքի շրջանակներում։

«1994 թվականից ակտիվ քաղաքական պրոցեսներին հետևում եմ, 2003 թվականից այդ պրոցեսների մեջ եմ, ես չեմ հիշում մի քաղաքական աշուն կամ գարուն, որից առաջ չեն ասել, որ աշունը կամ գարունը պետք է թեժ լինի: Ինչ վերաբերում է ձեր նշած պերսոնայի հայտարարած միտինգներին կամ հավաքներին, մեկ անգամ չէ, որ նշել եմ՝ Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը ազատ քաղաքական մրցակցության կողմնակից է»:

Հանրապետականում նաև չեն մերժում, որ երկրում կան աղքատներ, գործազուրկներ, նաև արտագաղթի միտում։ Շարմազանովի խոսքով, իշխող ուժը միշտ էլ անելիք ունի, իսկ ոչ իշխանականներից համագործակցություն և կառուցողական առաջարկներ էին ակնկալում, որոնք հիմնականում չեղան։

«Ազատության» հարցին, թե որո՞նք էին նոր ձևավորված Կառավարության բացթողումները, Շարմազանովը խուսափեց ստույգ օրինակ բերել, փոխարենը ասաց, թե որն է նոր Կառավարության գլխավոր հաջողությունը։

«Կուտակային կենսաթոշակների հետ կապված բարեփոխումն էր. լսեցին հասարակության ձայնը, քաղաքացիական ակտիվիստների ձայնը, և բարեփոխվեց այդ օրենսդրությունը», - ասաց ԱԺ փոխնախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG