Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն համամիտ չէ, թե իրավիճակը բարդ է


ՀՀԿ-ն համամիտ չէ, թե իրավիճակը բարդ է
please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00

ՀՀԿ-ն համամիտ չէ, թե իրավիճակը բարդ է

Իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արտառոց չի համարում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդաժողով է հրավիրել՝ քննարկելու «երկրում ստեղծված քաղաքական և տնտեսական բարդ իրավիճակը»:

Միևնույն ժամանակ, Բաղդասարյանը համամիտ չէ, թե երկրում բարդ իրավիճակ է․ - «Քաղաքական դաշտը շատ նորմալ ընթանում է, իր քաղաքական գործունեությունը ծավալում է: Իհարկե, փորձեր կատարում են, որ ծանրացնեն, դժվարացնեն, անկայունացնեն, բայց ինձ թվում է, որ իրավիճակը կառավարելի է, և թույլ չենք տա, որ նման անկայություն ստեղծեն, որովհետև յուրաքանչյուր անկայություն քաղաքական նոր ցնցումներ է բերում: Իսկ մեր ժողովրդին մենք փորձության չենք ենթարկի և թույլ չենք տա, որպեսզի լինեն ցնցումներ»:

Նա փոխանցեց, որ ՀՀԿ-ն խորհրդաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել: Հավելեց, որ ողջունում են բոլոր առողջ քննարկումներն ու քննադատությունը․ - «Ես այդտեղ արտառոց բան չեմ տեսնում, որովհետև մարդիկ գործունեություն են ծավալել և պետք է այդ գործունեությունը ինչ-որ ձևով արդարացնեն: Իհարկե, նախ պետք է հիմնավորումներ տան, թե որն է այդ բարդ, ծանր քաղաքական, տնտեսական իրավիճակը: Բայց այդ գործով զբաղվում են բոլորը: Անընդհատ Հանրապետականը նույնպես հրավիրում է խորհրդակցություններ, և նրա ուշադրության կենտրոնում են վերջին շրջանում զարգացող տնտեսական իրադարձությունները»:

Ինչ վերաբերում է ոչ իշխական եռյակի կողմից պարբերաբար հնչեցվող իշխանափոխության կոչերին, ապա Բաղդասարյանը դրա «հիմքերը չի տեսնում»․ - «Ի՞նչ է նշանակում իշխանափոխություն: Այսինքն կարոտա՞խտ կա, ինչ-որ ցանկությո՞ւն կա, մոլո՞ւցք կա, որ գան իշխանության, մի անգա՞մ էլ իրենք լինեն: Պետությունը էքսպերիմենտների դա՞շտ է, մենք պետք է անընդհատ նման հոգեբանական իրավիճակի մե՞ջ գցենք ժողովրդին և խաղա՞նք նրանց լարերի հետ, թե՝ մենք ենք ուզում գանք իշխանության և այլն: Մարդիկ արդեն փորձառու են, հանրությունը, ժողովուրդը փորձառու է»:

Հանրապետական խմբակցության ղեկավարը պատահական չի համարում ոչ իշխանական ուժերի հայտարարությունը, թե ի վերջո ժողովուրդը պետք է ամեն ինչ որոշի․ - «Այսինքն, գցում են ամեն ինչը ժողովրդի վրա: Եվ եթե հանկարծ ձախողում լինի, ասելու են՝ ժողովուրդը ձախողեց: Եթե ինչ-որ անկարգություններ լինեն, ասեն՝ ժողովուրդը արեց այդ անկարգությունները: Վերջ ի վերջո ո՞վ է կազմակերպիչը, ո՞վ է լիդերը, թող բացահայտվեն, հիմնավորեն: Ի՞նչ հիմքերով, ի՞նչ պատճառներով են ցանկանում, որ Ալիին պետք է փոխարինի Մոսին: Այսինքն՝ այդ մարդուն պետք է փոխարինի մյուսը, և ինքը պետք է զենքը ձեռքին գնա և ասի՝ ես փրկիչն եմ, այ ժողովուրդ»:

Ինչ վերաբերում է հարցին, թե եռյակից ինչո՞ւ է հենց ԲՀԿ-ն հանդես գալիս նման նախաձեռնությամբ, ապա Բաղդասարյանը կարծում է, որ ոչ իշխանական ուժերից հենց ԲՀԿ-ն կարողացավ զանգվածներ հավաքել: «Այլ հարց է, թե ինչ ճանապարհով», - ընդգծում է Հանրապետական խմբակցության ղեկավարը։

«ԲՀԿ-ն էր, որ կարողանում էր հանրահավաք կազմակերպել», - շարունակեց նա: - «Նրանք էլ զգացին, որ դա պետք է տանի դեպի մարում այդ ամեն ինչը: Ես կասեմ, որ գնահատում եմ այդ քայլը, որ իրենք կարողացան իրենց մարտավարությունը փոխել: Որովհետև հասկացան, որ դատապարտված են ձախողման այդ հանրահավաքների միջոցով: Մեկ, երկու, երեք․․․ ասելիք չունեն, անեկդոտներ են պատմում հանրահավաքի ժամանակ: Այսօր երկրորդ քաղաքական ուժ հանդիսացող ԲՀԿ-ն տեսնում է, որ իր կողքը կանգնած մարդիկ պարզապես եկել են ամեքը մի բան փախցնելու և օգտվելու այդ մասսայից և իրենց ասելիքը ասել: Ոչ թե միասնական ասելիքը, ամեքը իր ասելիքը ասի»:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ ի վերջո այս ամենը առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստություն է․ - «Անունն են փոխում․ նախընտրական շտաբ, թե համաժողովրդական շտաբ: Որովհետև մոտենում են ընտրությունները, սարերի հետևում չէ 2017 թվականը: Եվ մարդիկ այս կոչերով գնում են և պատրաստվում են ընտրության, որովհետև այդ կոչերը կարող են մասսային ավելի դուր գալ՝ իշխանափոխություն, քաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս գալու պայմաններ և այլն․․․ Որովհետև կարող է դրանով իրենց աուդիտորիան ավելի ընդլայնեն: Այդ իսկ պատճառով նրանք աստիճանական այս քայլերն են կատարում: Ինձ թվում է, որ վատ մարտավարություն չեն բռնել, որովհետև, ես նորից եմ կրկնում՝ այդ հանրահավաքները դատապարտված էին պարտության»:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Դաշնակցությունը չի մասնակցում այն միջոցառումներին, որոնք իրենց հետ համաձայնեցված չեն։ «ՀՅԴ-ն ԲՀԿ-ից հրավեր չի ստացել», - հստակեցրեց Ռուստամյանը։ - «Մեր հետ կհամաձայնեցնե՞ն՝ խնդրեմ, մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ: Բայց նախապես պետք է նպատակահարմարությունը, ծրագրերը, «հետո»-ի հետ կապված քայլերը ճշտվեն: Այդպիսի քննարկում մեր հետ տեղի չի ունեցել»:

Հայ ազգային կոնգրես կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը, հիշեցնենք, ilur.am կայքի հետ զրույցում ասել է, որ իրենց նախապես տեղեկացրել են խորհրդաժողովի մասին, սակայն չի հստակեցրել ՀԱԿ-ի մասնակցության հարցը:

«Օրինաց երկիր» կուսակցությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հարգանքով են վերաբերում, բայց խորհրդաժողովին չեն մասնակցելու:

Եռյակից խորհրդաժողովին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել միայն «Ժառանգություն» կուսակցությունը։

XS
SM
MD
LG