Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլ Մինսկում


Դոնեցկի անջատականների առաջնորդները Ուկրաինայի հարցով նախորդ բանակցությունների ժամանակ, Մինսկ, 5-ը սեպտեմբերի, 2014թ․
Դոնեցկի անջատականների առաջնորդները Ուկրաինայի հարցով նախորդ բանակցությունների ժամանակ, Մինսկ, 5-ը սեպտեմբերի, 2014թ․

Բանակցություններին մասնակցելու են Ուկրաինայի, Ռուսաստանի, Ուկրաինայի արևելյան շրջանների ռուսամետ անջատականների և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները։

Ուկրաինայի ճգնաժամը հաղթահարելու, երկրի արևելքում խաղաղություն հաստատելու համար այսօր Մինսկում նախատեսված է բանակցությունների նոր փուլ, որը շարունակվելու է նաև դեկտեմբերի 26-ին։

Հանդիպումը հնարավոր դարձավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի միջև կայացած հեռախոսազրույցում ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ։

Բանակցություններին մասնակցելու են Ուկրաինայի, Ռուսաստանի, Ուկրաինայի արևելյան շրջանների ռուսամետ անջատականների և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները։

Հրադադար հաստատելու նախորդ բանակցությունները նույն Մինսկում անցկացվել էին սեպտեմբերի 5-ին։ Բայց ստորագրված համաձայնագրից հետո հրադադարն ամբողջությամբ չի պահպանվել, և սեպտեմբերից մինչև հիմա տեղի ունեցած բախումների արդյունքում առնվազն 1000 մարդ է զոհվել, ուստի նոր բանակցությունների կարիք էր առաջացել։

Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում, ըստ Կրեմլի հաղորդագրության, Պուտինը, Պորոշենկոն, Օլանդը և Մերկելը գոհունակություն են հայտնել, որ վերջին օրերին հակամարտ կողմերը հիմնականում պահպանում են հրադադարը։

Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների մամուլի ծառայությունների փոխանցմամբ՝ Պուտինը և Պորոշենկոն համաձայն են, որ կողմերը հարգեն հրադադարի ռեժիմը, հետ քաշվեն զորքերը և ծանր զինտեխնիկան ու շուտափույթ ազատ արձակվեն ռազմագերիները։

Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ չորս առաջնորդները քննարկել են կարգավորման կոնկրետ առաջարկներ մասնավորապես գերիների փոխանակման համար։

Ելիսեյան պալատը հայտնում է, որ առաջնորդները շուտափույթ և կոնկրետ առաջընթացի կոչ են արել, ինչպես նաև կոչ են արել ամբողջովին հարգել հրադադարը։

Ռուսամետ անջատականների ներկայացուցիչներից այսպես կոչված «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» առաջնորդ Դենիս Պուշիլինը, «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է, թե փոխզիջումներն ավելի լավ է գտնել բանակցային սեղանին, այլ ոչ թե զենքի միջոցով։

Այս տարվա ապրիլից մինչև հիմա Ուկրաինայի արևելքում համկամարտության պատճառով ավելի քան 4 հազար 700 մարդ է զոհվել։

ԱՄՆ-ը և Եվրամիությունը պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ՝ Ղրիմը բռնազավթելու, Ուկրաինայի արևելյան շրջանների համակարտության համար, ուր ռուսամետ անջատականները երկու շրջան են վերահսկում։

ՆԱՏՕ-ն պնդում է, որ անջատականները ռազմական աջակցություն են ստանում Ռուսաստանից, Մոսկվան հերքում է նման մեղադրանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG