Մատչելիության հղումներ

Ադրբեջանական դավադրություն «Իսլամական պետություն»-ում


«Իսլամական պետության» զինյալները Սիրիայում, արխիվ
«Իսլամական պետության» զինյալները Սիրիայում, արխիվ

Ադրբեջանցիները շարունակում են բավական պատկառելի ներկայություն ապահովել իսլամիստների շարքերում:

Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման կազմում կռվող ադրբեջանցի զինյալները ահաբեկչական այս կառույցում ներքին ճգնաժամի պատճառ են դարձել: Սա են վկայում իսլամիստների ոչ պաշտոնական մայրաքաղաքը համարվող սիրիական Ռաքքայից վերջին օրերին ստացվող տեղեկությունները:

Երկու օր առաջ «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն»-ը սոցիալական ցանցերում մի տեսանյութ է տարածել, որում պնդում է, թե ձերբակալվել են խմբավորման կազմում կռվող չորս ադրբեջանցի զինյալներ: Ադրբեջանցիներն իբր դավադրություն էին նախապատրաստում «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի դեմ: Համացանցում տեղադրված տեսանյութում արդբեջանցիները հանդես են գալիս խոստովանական ցուցմունքներով` նշելով, թե «Իսլամական պետության» ղեկավարության հետ հակասությունների պատճառները զուտ կրոնական են: Ադրբեջանցի զինյալների պնդմամբ` «Իսլամական պետության» ղեկավարությունը հետևողական չէ շարիաթի օրենքները գրավյալ տարածքներում ներդնելու հարցում:

«Մենք համարում էինք, որ «Իսլամական պետության» ներկայացուցիչները անհավատներ են», - նշում էր ձերբակալված ադրբեջանցի զինյալներից մեկը, ով ներկայանում է որպես Աբու Մարիամ:

Զինյալներից ևս մեկը, ով տեսանյութում ներկայանում է որպես Աբու Յաղուբ, հավելում է, թե «Իսլամական պետության» ներսում գործող ադրբեջանական թևը նպատակ ուներ խմբավորման ղեկավարության դեմ զինված պայքար ծավալել:

«Մենք ուզում էինք «Իսլամական պետության» դեմ հարձակումներ գործել և մարտնչել նրանց դեմ: Մենք նաև ցանկանում էինք կռվել ընդդեմ տեղացիների, քանի որ նրանց համարում էինք բազմաստվածության հետևորդներ», - նշում է ադրբեջանցի զինյալը` փաստորեն բացահայտելով «Իսլամական պետության» արաբական և ադրբեջանական թևերի հակասությունների գլխավոր պատճառներից մեկը: Ադրբեջանցի իսլամիստները հանդես են գալիս շատ ավելի ծայրահեղական դիրքերից` պնդելով, թե իր դաժանությամբ հայտնի «Իսլամական պետություն»-ը բավականաչափ կոշտ մոտեցում չի ցուցաբերում խմբավորման հսկողության տակ գտնվող շրջաններում բնակվող սիրիացիների և իրաքցիների նկատմամբ:

Ահաբեկչական կազմակերպության շարքերում ծագած այս ճգնաժամը ևս մեկ անգամ վերհանում է Սիրիայում և Իրաքում կռվող ադրբեջանցի զինյալների խնդիրը: Ադրբեջանցի զինյալների մեծամասնությունն ընդգրկված է հենց «Իսլամական պետության» ջոկատներում: Համացանցը ողողված է Սիրիայում այս խմբավորման կազմում կռվող ադրբեջանցի զինյալներին պատկերող տեսանյութերով: Դրանցում, մասնավորաբար, կարելի է տեսնել «Իսլամական պետության» ադրբեջանական թևի նախկին հրամանատար Աբու Յահյա ալ-Ազերիին, ով զոհվել է 2013-ի աշնանը, և խմբավորման հրամանատարությունն այժմ իրականացնող Մուհամադ ալ-Ազերիին:

Վաշինգտոնում գործող վերլուծաբաններից մեկը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ «Իսլամական պետության» կազմում կռվող ադրբեջանական ջոկատների առանձնահատկությունը դրանցում փորձառու մարտիկների մեծ քանակն է․ - «Համեմատաբար տարեց ջիհադիստների թվում նախևառաջ հարկավոր է հիշատակել այսպես կոչված «Ղարաբաղցի պարտիզաններ» խմբի երկու անդամներին` Ռուստեմ Ասքերովին և Ռովշան Բադալովին: Նրանք երկուսն էլ 2004 թվականին դատապարտվել էին ադրբեջանական դատարանի կողմից, քանի որ [առանց պաշտոնական Բաքվի թույլտվության] պատրաստվում էին ջիհադ` սրբազան պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Բադալովը զոհվեց Քոբանիում հոկտեմբերին, իսկ Ասքերովը` հունվարին»:

Չնայած մարտական գործողությունների ընթացքում արձանագրված զոհերի մեծ քանակին՝ ադրբեջանցիները շարունակում են բավական պատկառելի ներկայություն ապահովել իսլամիստների շարքերում: Արևմտյան փորձագետների գնահատմամբ՝ Սիրիայում և Իրաքում կռվող ադրբեջանցիների ընդհանուր թվաքանակը հասնում է 300-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG