Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ֆինանսական համակարգում տեղի ունեցած ցնցումների կապակցությամբ:
«2014թ.-ի նոյեմբերի 20-ից սկիզբ առած և մինչև դեկտեմբերի 18-ը տևած ֆինանսական համակարգի ցնցումները, մասնավորապես` դրամի սրընթաց արժեզրկումը, ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Հայաստանի տնտեսության` խորը արմատներ ձգած արատները», - ասված է հայտարարությունում:
Ֆինանսական համակարգում տեղի ունեցած ցնցումները պայմանավորելով «ներկրող մենաշնորհային օլիգարխիային սպասարկող տնտեսական համակարգով», Կենտրոնական բանկի կողմից «դրամի արհեստական արժևորման քաղաքականությամբ», արտաքին պետական պարտքի աճով, ընդդիմադիր ուժը պնդում է, որ իշխանությունները իրավիճակով թելադրվող հրատապ և համարժեք քայլեր չեն ձեռնարկել, ինչի արդյունքում՝ «երկրի բնակչությանն ու գործարար խավին հասցվել է ծանրագույն հարված, որի ամբողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է ռեժիմի վրա»:
«Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է, որ երկրում առաջացել է կառավարման խորը ճգնաժամ, օլիգարխիկ նեղ կլանի շահերով առաջնորդվող իշխանությունը լրջագույն վտանգ է ներկայացնում Հայաստանի պետական համակարգի և բնակչության համար և օրախնդիր է ռեժիմին շուտափույթ հեռացնելու անհրաժեշտությունը», - եզրափակում է Հայ ազգային կոնգրեսը: