Մատչելիության հղումներ

Աշոտյանը խոստացավ՝ համատեղությամբ աշխատող դասախոսների խնդիրը կհասցնեն լուծել


Աշոտյանը վստահ է՝ կուտակայինի խնդիրը կլուծվի մինչև դեկտեմբերի 25-ը
please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00

Նախարարը հույս ունի, որ բուհերի մյուս դասախոսները ջենտլմենությունից դրդված չեն հրաժարվի սոցիալական վճարներից։

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը վստահ է, որ չորս աշխատանքային օրվա ընթացքում Մայր բուհը, Բժշկական, Ճարտարապետաշինարարական և Ճարտարագիտական համալսարանները կհասցնեն փոխել կարգավիճակները և ՊՈԱԿ-ից հիմնադրամ դառնալ՝ այդպիսով հնարավորություն տալով այդ բուհերում համատեղությամբ աշխատող դասախոսներին հրաժարվել սոցիալական պարտադիր վճարներից:

«Ես կառաջարկեմ սպասել աշնանը, որպեսզի հաշվել ճտերին։ Այս հարցը կարող է հնչեղություն ունենալ բացառապես դեկտեմբերի 25-ից հետո։ Ես վստահ եմ, որ մենք հասցնելու ենք, այսինքն մինչև ամսի 25-ը մենք կունենանք և գրանցված հիմնադրամներ, և կունենանք դասախոսների համար խնդրի լուծումը, որոնց խնդիրը թեթևացնելու համար մենք արագացրեցինք հիմնադրամներ ստեղծելու գործընթացը»,- ասաց նախարարը։

Աշոտյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ բուհերինհիմնադրամի կարգավիճակ տալու գործընթացը սկսվել է դեռևս 2011 թվականից, երբ կուտակային կենսաթոշակի մասին խոսակցություններ չկային, և այս քայլով առաջին հերթին ոչ թե կուտակայինի, այլբուհերին ինքնավարություն տալու հարցն է լուծվում: Իսկ սոցիալական վճարներից հրաժարվելու հնարավորությունը, նախարարի խոսքով, զուտայս փոփոխությունների հետևանքն է: Ընդ որում նախարարը շեշտեց, որ սա ոչ բոլոր երիտասարդ դասախոսներին է վերաբերում:

«Խոսքը այն երիտասարդ դասախողների մասին է, որոնց հիմնական աշխատանքը տվյալ մասնագիտությամբ մասնավոր հատվածում է, բայց որոնք մեզ օգնում են, որոնց մենք խնդրել ենք, որպեսզի գան և ուսանողներին սովորեցնեն աշխատաշուկային միտված կարողություններ, հմտություններ, գիտելիքներ»,- ասաց Աշոտյանը։

Նախարարին հիշեցրեցինք, որ կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի համաձայն՝ հիմնադրամի աշխատողների համար չկան սոցիալական վճարից հրաժարվելու մասին դիմում ներկայացնելու սահմանափակումներ: Այդ դեպքում ինչը՞ պետք է զսպի միայն բուհում աշխատող դասախոսին չհետևել համատեղությամբ այլ տեղում աշխատող իր գործընկերոջ օրինակին և վճարներից հրաժարվելու դիմում չներկայացնել:

Աշոտյանի կարծիքով՝ ջենտլմենությունը.- «Կարծում եմ, կա նաև ջենտլմենական չգրված պայմանավորվածություններ և բարոյականություն։ Եթե մենք ուզում ենք լուծել ինչ-որ մի խումբ մարդկանց հարց, դա չի նշանակում, որ այդ հարցի հետ կապված պետք է շատ-շատ մարդիկ փորձեն իրենց ուզածով այդ խնդիրը լուծել»։

Նախարարը, այդուհանդերձ, ակնարկեց, որ բուհում ոչ համատեղությամբ աշխատող դասախոսների մասին զրուցել է վերոնշյալ 4 բուհերի ռեկտորների հետ և այժմ քննարկվում է նաև վերջիններիս խնդիրը լուծելու հարցը:

«Որքանով ես գիտեմ, մնացած դասախոսների համար բուհերը պատրաստվում են էլի գործողություններ անել, խնդիրը կարգավորվելու է»,- նշեց նախարարը։

Հարցին, արդա՞ր մոտեցում է արդյոք 16 բուհից առանձնացնել միայն 4-ը, և այդպիսով փորձել մասնակիորեն լուծել միայն դրանցում դասավանդող դասախոսների հարցը, Աշոտյանը պատասխանեց՝ թե իրենց հաշվարկների համաձայն համատեղությամբ բուհում և մասնավոր սեկտորում աշխատող ամենաշատ դասախոսները ԵՊՀ-ում, Պոլիտեխնիկում և Բժշկականում են:

Կրթության և գիտության նախարարն այսօր իր ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև հարցին, թե ի՞նչ հետևանք կունենա Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը Բոլոնյան կրթական գործընթացի վրա:Հնարավո՞ր է, որ կրթական համակարգը նոր փոփոխությունների ենթարկվի:

«Ես կարծում եմ, որ մենք իրավունք չունենք ազգովի հրաժարվել եվրոպական մշակութային ժառանգությունից։ Ի դեպ, դա չեն անում նաև Ռուսաստանի մեր գործընկերները։ Ես ցանկանում եմ, որ ցանկացած Եվրասիական կրթական նախագիծ, որ կարող է ծնվել ԵՏՄ տարածքում, պետք է չհակադրվի եվրոպական կրթական տարածքի ուղղություններին, այլ օգտվելով այդ փորձից՝ դառնա յուրահատուկ գործիք՝ սերտացնելու ԵՏՄ շրջանակներում միջանձնային, միջմարդկային տնտեսական կապերը»,- ասաց Աշոտյանը։

Հյաստանում կրթական համակարգի կառուցվածքային փուլն ավարտվել է և վստահաբար կարել է ասել, որ հանրակրթական դպրոցները շարունակելու են մնալ 12-ամյա, հավելեց նախարարը։

Տարեվերջյան իր ամփոփիչ ասուլիսում ԿԳ նախարարը թվարկեց նաև կրթության և գիտության ոլորտի մի շարք ձեռքբերումները, այդուհանդերձ,ձ չմոռանալով նշել, որ համակարգի ամենամտահոգիչ խնդիրներից մեկը շարունակում է մնալ կոռուպցիան և անարդարությունը:

XS
SM
MD
LG