Մատչելիության հղումներ

Ամերիկացի կատակերգու Բիլ Քոսբին հեղինակազրկվել է


Ավելի քան 20 կանայք կատակերգու Բիլ Քոսբիին մեղադրում են սեռական զանցանքների մեջ։ Մինչ կատակերգուն հերքում է այդ մեղադրանքները, նրա հեղինակությունը մեծապես վնասվել է ընթացիկ խոսակցությունների հետևանքով։

Ամերիկացի կատակերգու Բիլ Քոսբիի դեմ ուղղված մեղադրանքների մի մասը ավելի քան մեկ տասնամյակ առաջ են սկսվել։ Սակայն վերջին շաբաթներին ևս մի քանի կանայք են վկայություններ են տվել Բիլ Քոսբիի սեռական զանցանքների մասին։ Նրանցից ոմանք հայտարարել են, որ Քոսբին իրենց բռնաբարելուց առաջ առաջարկել է թմրադեղեր ընդունել։

Իշխանությունները պնդում են, որ ենթադրյալ հանցագործությունները տեղի են ունեցել շատ տարիներ առաջ և հնարավոր չէ այժմ դատական գործ հարուցել։ 77-ամյա Քոսբին հերքում է բոլոր մեղադրանքները։

«Վըրայեթի» պարբերականի սյունակագիր Բրայըն Լոուրիի համաձայն, մեղադրանքների ալիքը գնալով մեծանում է։

«Եթե նախկինում մարդիկ կարծում էին, որ բողոքները գալիս են դրամական փոխհատուցումներ ստանալու միտում հետապնդող մեկ կամ երկու կանանցից, ապա այժմ գրեթե 20 կին է բողոքել, և գումար կորզելու տարբերակը այլևս անհավանական է թվում»,- ասում է նա։

Կատակերգու Թեհրան Վոն Ղասրին, ով մեծացել է Բիլ Քոսբիի հեռուստատեսային հաղորդումները դիտելով, կարծում է որ Քոսբին պետք է պատասխանի մեղադրանքներին ։

Վոն Ղասրիի կարծիքով՝ Քոսբիի նման հայտնի մարդիկ պետք է առաջնորդվեն բարձր չափանիշներով, որովհետև նրանց ազդեցությունը հատկապես երիտասարդ աֆրիկացի-ամերիկացիների վրա շատ մեծ է։

Սակայն Վոն Ղասրիի ընկերը՝ իրավաբան Ալալեհ Կամրանը ասում է. - «Իրավական տեսանկյունից նա չի մեղադրվել և չի դատապարտվել, հետևաբար նա անմեղ մարդ է, և պետք է այդպես էլ դիտվի»։

Բրայըն Լոուրիի կարծիքով, սակայն, աղմկահարույց պատմություններն այժմ Քոսբիի ժառանգության մասն են կազմում, և եթե նույնիսկ նա անմեղ է, ապա թերացել է իր դեմ ուղղված մեղադրանքները հերքելու գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG