Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, տեղեկացնում է БЕЛТА գործակալությունը:
Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը, հիշեցնենք, ստորագրել է հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում։ Եվրասիական միությունը, որի ստեղծման մասին պայմանագիրը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները, սկսելու է գործել արդեն 2015 թվականի հունվարի 1-ից։ Հայաստանն, ըստ պայմանագրի, միության անդամ կդառնա 2015 թվականի հունվարի 1-ից հետո։
Չորեքշաբթի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը վավերացրել էր նաև ՌԴ Դաշնային խորհուրդը, իսկ երեկ Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատն էր հավանություն տվել պայմանագրին: