Երևանում կբացվի Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (ՀԻԵԿ) մասնաճյուղ, որը տարածաշրջանում առայժմ առաջին ու միակը կլինի: Հայաստանը անդամակցում է կազմակերպությանը 2011 թվականից:
Այսօր կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Սարգսյանը ՀԻԵԿ երևանյան մասնաճյուղի բացումը կարևոր իրադարձություն է համարել՝ ընդգծելով, որ այն նաև պարտավորեցնող է, քանի որ Հայաստանում մեծապես գիտակցում են այս ոլորտում առկա խնդիրների լուծման կարևորությունը:
«Մեր երկիրը ևս եվրոպական արժեքների տարածման ջատագովն է և անկախացումից ի վեր այդ ուղղությամբ եվրոպական գործընկերների հետ համագործակցելով, բավականաչափ առաջ է ընթացել, չնայած դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը մեծապես կարևորվում է», - Սերժ Սարգսյանի խոսքերն է մեջբերում նախագահի մամլո ծառայությունը:
Պրոֆեսոր Ֆլոգաիտիսը նշել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ իրականացվող բարեփոխումների ճանապարհին: