Մատչելիության հղումներ

Օբաման կստորագրի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնող օրենքը


ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա

Չնայած հայտնած մտահոգություններին, նախագահ Բարաք Օբաման կստորագրի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնող օրենքը:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ զգուշացրել էր, որ այդ քայլը կարող է սեպ խրել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների միջև, և որ պատժամիջոցները վերահսկելու լավագույն ուղին եվրոպացի գործընկերների հետ համագործակցված աշխատելն է:

Այնուհանդերձ, ԱՄՆ-ի Կոնգրեսը միաձայն հավանության արժանացրեց պատժամիջոցների ընդլայնման ծրագիրն ու Օբաման, ըստ Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնստի, կհաստատի այն:

Օրենսդրությունը նախատեսում է, բայց չի պարտադրում Օբամային ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ զենք-զինամթերք, մարտական ու ոչ մարտական տեխնիկա, այդ թվում՝ հակատանկային զենք, հետախուզական անօդաչու սարքեր: Այն ուղղված է նաև պաշտպանական և էներգետիկ համակարգի դեմ, և Օբամայից պահանջելու է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի պետական այն ընկերությունների նկատմամբ, որոնք պայմանագրեր ունեն Սիրիայի, Ուկրաինայի, Վրաստանի կամ Մոլդովայի ընկերությունների հետ՝ առանց այդ երկրների կառավարությունների թույլտվության:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին առանձնապես չեն մտահոգում ամերիկյան նոր պատժամիջոցները:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով

France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Լավրովը հայտարարել է, թե «ամեն ինչ կախված կլինի նրանից, թե այդ պատժամիջոցները գործնականում ինչպես կկիրառվեն»:

«Կոնգրեսում մարդկանց հատուկ խումբ է հավաքված, որոնց 80 տոկոսը երբևէ դուրս չի եկել Միացյալ Նահանգներից», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը, - «Նրանք ապրում են իրենց աշխարհում, այնպես որ Կոնգրեսում դրսևորված ռուսաֆոբիան ինձ այնքան էլ չի զարմացրել»:

Նոր պատժամիջոցների սահմանումը համընկավ Ռուսաստանում ահագնացող տնտեսական ճգնաժամի հետ, որի առիթը ոչ միայն Արևմուտքի պատժամիջոցներն են, այլև նավթի գնի կտրուկ նվազումը:

Սպիտակ տան խոսնակի ձևակերպմամբ՝ «ռուսական տնտեսությանը հասցվող հարվածները գնալով ուժգնանում են»:

«Ի վերջո՝ նախագահ Պուտինը պետք է որոշի՝ արդյո՞ք արժե, որ Ռուսաստանի ժողովուրդը կրի այդ կորուստները: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ պատժամիջոցների կիրառման ուղղությամբ ԱՄՆ-Եվրոպա համատեղ ջանքերը կոչված են ցույց տալու Ռուսաստանին և նախագահ Պուտինին, որ սա է Ղրիմի միակողմանի բռնակցման և Ուկրաինայում անջատողականներին աջակցելու գինը», - նշել է նա, - «Չեմ կարծում, թե տեղի ունեցողը կապված է միայն պատժամիջոցների հետ: Սա, թերևս, շատ ավելի խորը, բարդ իրավիճակ է: Այն ավելի շատ կապված է Ռուսաստանի տնտեսության այլ խնդիրների հետ, և նավթի գները, ակնհայտորեն, նույնպես դեր են խաղացել այս ամենի մեջ»:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի

Քերրին, այնուհանդերձ կարծում է, որ պատժամիջոցները չեղարկելը «շաբաթների կամ նույնիսկ օրերի հարց է, և կախված է նախագահ Պուտինից»:

Պետքարտուղարը նաև հավելել է, թե իրենց «միակ նպատակն է վերականգնել միջազգային նորմը, որը սահմանում է, որ պետությունները պետք է հարգեն այլ պետությունների սուվերենությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը, և հարգեն ազգերի իրավունքը՝ իրենց ապագային առնչվող որոշումները կայացնելու ոչ թե ատրճանակի նշանակետի տակ, այլ քվեատուփի միջոցով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG