Մատչելիության հղումներ

Հանրապետական պատգամավորը` ընդդիմադիրին. «Վեր ընգի դու էլ տեղդ, արա»


ԱԺ-ն ընդունեց ԵՏՄ-ին միանալու համար անհրաժեշտ մաքսային կարգավորումների փաթեթը
please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00

ԵՏՄ-ին միանալով պայմանավորված մի շարք մաքսային կարգավորումների փաթեթի քվեարկությունն այսօր խորհրդարանում լեզվակռվի վերածվեց։

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին դուր չեկավ, թե ինչպես էին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքին արձագանքում Հանրապետական պատգամավորները։ Փաշինյանի այն դիտողությանը «թե այդ ի՞նչ բառապաշարով են խոսում» արձագանքեց Հանրապետական խմբակցությունից Առաքել Մովսիսյանը․ - «Վեր ընգի դու էլ տեղդ, արա»:

Մաքսային կարգավորումների օրինագծերի փաթեթի ընդունումը Զարուհի Փոստանջյանը անկախությունը վաճառելու ևս մեկ փորձ անվանեց։ Հայտարարեց, որ եկել է դեմ քվեարկելու, քանի որ Ռուսաստանի տնտեսական վիճակը վատթարանում է, իսկ միությանը միանալու դեպքում տուժելու է նաև Հայաստանը։

«Այն, ինչ որ այստեղ փորձվում է՝ բռնակցել Հայաստանի Հանրապետությունը այդ միությանը ուղղակի ոչինչ է, քան, անգործությունից բացի նաև ուղղակի․․․Կարծում եմ, որ դուք տանում եք Հայաստանը դեպի կործանում: Հետևաբար կոչ եմ անում չքվեարկել այս օրինագծին», - ասաց Փոստանջյանը:

Կիսադատարկ դահլիճում ընթացող նիստում նախկին արտգործնախարար, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ անդրադարձավ ոչ իշխանական ուժերի բոյկոտին: Ասաց, որ ինքը դեմ է Եվրասիական միությանը, բայց այս նիստին մասնակցում է, քանի որ դա իր պարտքն է։

«Այս պարագայում անիմաստ եմ համարում բոյկոտելը և կարծում եմ, որ մենք պարտավոր ենք մեր դիրքորոշումը ցուցաբերել այս բախտորոշ պայմանագրի վերաբերյալ, և խուսափողականությունը այս պարագայում ինձ համար անընդունելի է», - նշեց Արզումանյանը:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ առաջարկեց հետաձգել քվեարկությունը, քանի որ մեր երկրի անդամակցությունը Եվրասիական միության երկրների կողմից դեռ հաստատված չէ։

Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ մտահոգվելու առիթ չի տեսնում, քանի որ այս փոփոխությունները պայմանավորված են Եվրասիական միությանը միանալու պայմանագրով։

Քվեարկության արդյունքում 70 կողմ, 5 դեմ ձայներով փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց։

«Սա Հայաստանի քաղաքացիների շահերի դեմ որոշում էր», - հայտարարեց Զարուհի Փոստանջյանը, ում ելույթի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անջատեց նրա խոսափողը․ - «Դուք արդեն պրովոկացիա եք անում»:

Խորհրդարանը այսօր քննարկեց նաև մոտ մեկ ամիս առաջ ոչ իշխանական պատգամավորների բոյկոտի և Հանրապետականների բացակայության արդյունքում տապալված վարչական վարույթների վերաբերող օրինագիծը։ Կառավարությունը առանց փոփոխության նույն օրինագիծը կրկին ուղարկել է ԱԺ։

Հիմնական խնդիրն այն է, որ այս տարեսկզբից Դատական ակտերի հարկադիր կատարողն առանց դատարանի որոշման քաղաքացուն տուգանելու և նրա ունեցվածքի վրա կալանք դնելու հնարավորություն ունի:

Պատգամավորները սա հակասահմանադրական են համարում: Կառավարությունն էլ որպես լուծում առաջարկում է այս փաթեթը, որը, օրինակ, համաներում է սահմանում նախկին տուգանքների որոշ մասի նկատմամբ, սակայն Հարկադիր ծառայությանը չի զրկում առանց դատարանի որոշման կալանք դնելու իրավունքից։

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Կառավարությունը զարմացնում է իրեն։

«Սկզբունքային հարցերը, որ մենք քննարկել ենք՝ հակասահմանադրականության, քաղաքացիների վրա դրվող բեռի հարցը, դրանք որ մնացել են, չեն լուծվել, ես զարմանում եմ: Ինչո՞ւ, որովհետև դա նախորդ կառավարության քաղաքականությունն էր», - ասաց Մարուքյանը:

Հարցով զեկուցող Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն էլ խորհուրդ տվեց օրինագծի դրական կողմին նայել, քանի որ չնայած դժգոհություններին այն նաև դրական կողմեր ունի:

«Ազատության» հետ զրույցում Մկրտչյանն ասաց, որ իրենք գործող կարգը հակասահմանադրական չեն համարում, բայց առաջիկայում կփորձեն նաև այդ հարցին անդրադառնալ:

«Անգամ վարչական իրավախախտումների կարգավորումներ ենք նախատեսելու և այնտեղ՝ վարչական իրավախախտումների նոր օրենսգրքում, ինստիտուցիոնալ նոր լուծումներ կառաջարկենք», - նշեց Մկրտչյանը:

Էդմոն Մարուքյանի համար Կառավարության մոտեցումն անհասկանալի է․ համաներումը նա դրական է գնահատում, մինչդեռ չի հասկանում, թե ինչու գործադիրը խնդրի պատճառը լուծելու փոխարեն հետևանքներն է լուծում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG