Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն տապալեց Արամ Մանուկյանի դեմ բռնության հարցով արտահերթ նիստը


ՀՀԿ-ն տապալեց Արամ Մանուկյանի դեմ բռնության հարցով արտահերթ նիստը
please wait

No media source currently available

0:00 0:05:13 0:00

Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը՝ Հանրապետական կուսակցությունը, այսօր ուշ երեկոյան տապալեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ բռնությունը դատապարտելու հարցով ոչ իշխանական ուժերի նախաձեռնած արտահերթ նիստը:

Նշենք, որ թեև ՀԱԿ-ին, «Ժառանգությանը», ԲՀԿ-ին և «Օրինաց երկրին» հաջողվեց մի քանի ժամվա ընթացքում հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունը՝ արտահերթ նիստ հրավիրելու համար, սակայն իշխող Հանրապետականի պատգամավորները նիստին չներկայացան և քվորում չապահովվեց:

Նկատենք, որ Դաշնակցությունը արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրահավաքին, ինչպես նաև ոչ իշխանական ուժերի այսօր ավելի վաղ նախաձեռնած բոյկոտին չմիացավ:

Այսօր ավելի վաղ՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանն» ու «Օրինաց երկիրը» բոյկոտեցին Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը ՝ պահանջելով մինչև օրակարգի մյուս հարցերին անցնելը, արտահերթ նիստ հրավիրել և քննարկման առարկա դարձնել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստը, ինչպես նաև վերջին օրերին երկրում արձանագրված բռնության դեպքերը:

«Հաշվի առնելով երկրում ստեղծված բեսպրեդել իրավիճակը, երբ տարբեր կարգի թափթփուկներ կարող են ազատամարտիկ ծեծել, երբ չակերտավոր հայրենասեր կարող է ապտակել մեր գործընկեր Արամ Մանուկյանին, «Բարգավաճ Հայաստանը» առաջարկում է ընդհատել նիստը, հրավիրել արտահերթ նիստ, քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը, այլապես «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է, որ ինքը բոյկոտելու է այս արտահերթ նստաշրջանը», - մասնավորապես, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հայտարարեց, որ ժողովուրդն այսօր նախևառաջ սպասում է, որպեսզի խորհրդարանը գնահատական տա երկրում արձանագրվող բռնության դեպքերին:

«Եթե չենք քննարկելու ստեղծված իրավիճակը, մենք նույնպես բոյկոտելու ենք արտահերթ նիստը», - հայտարարեց Հակոբյանը:

Նիստը բոյկոտելու որոշմանը միացավ նաև «Օրինաց երկիրը»: Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին բռնության ենթարկելով՝ իրականում բռնության են ենթարկել բոլոր պատգամավորներին:

«Դա ապտակ էր ողջ Ազգային ժողովի 131 պատգամավորի նկատմամբ: Այդ առումով, մենք գտնում ենք, որ պետք է իսկապես դադարեցնել նիստերը, հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու տեղի ունեցածը», - ասաց Բիշարյանը:

Եթե ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» ու «ՕԵԿ»-ը հանդես եկան արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով , ապա Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առաջարկեց Ազգային ժողովի նախագահին տվյալ հարցի շուրջ խորհրդակցություն անցկացնել՝ ընդգծելով, որ դատապարտում են և՛ ազատամարտիկների, և՛ Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցածը:

«Խորհրդակցության արդյունքում գտնենք ձևը արձագանքելու՝ դատապարտման եղանակով, Ազգային ժողովի կողմից և դրա համար մենք առաջարկում ենք 20 րոպե ընդմիջում», - ասաց Դաշնակցության ներկայացուցիչը:

Շուրջ 20 րոպե խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ընթացող նիստը ընդհատել չեն կարող, բայց պատրաստ են դատապարտող հայտարարություն ընդունել:

«Եթե նպատակահարմար կգտնենք, կարող ենք վեցն անց կեսից հետո արտահերթ նիստ հրավիրել այդ կապակցությամբ, բայց այն, որ խոսքը գնում էր այս արտահերթ նիստը ընդհատելու մասին՝ դա օրենքների հետ որևէ աղերս չունի, դա անհնարին պրոցես է», - ասաց ԱԺ նախագահը:

Գալուստ Սահակյանի այս հայտարարությունը չբավարարեց ընդդիմադիր ուժերին՝ բացառությամբ Դաշնակցության: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հայտարարեց նիստը բոյկոտելու մասին և ընդդիմադիրները դուրս եկան դահլիճից:

Արձագանքելով ընդդիմադիրների այս որոշմանը՝ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե նրանք պարզապես ցանկանում են ձախողել խորհրդարանի աշխատանքը, ինչը չստացվեց: Ամեն դեպքում, Սահակյանը հանդես եկավ առաջարկով և ներկայացրեց բռնությունները դատապարտող հայտարարության իրենց նախագիծը․ - «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, խորապես մտահոգված լինելով վերջին օրերին մեր երկրում հայտնի գործիչների նկատմամբ բռնություն կիրառելու անընդունելի երևույթներով, ակնկալելով իրավապահ մարմինների օպերատիվ և անաչառ գործունեությունը մեղավորներին հնարավորինս արագ բացահայտելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար, հայտարարում են, որ խստորեն դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն որևէ քաղաքացու և հատկապես քաղաքական ու քաղաքացիական գործիչների նկատմամբ»:

Այսպիսով ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» ու «Օրինաց երկիրը» չիմացան Հանրապետականի հայտարարության այս նախագծին, դե իսկ Հանրապետականն էլ տապալեց Արամ Մանուկյանի դեմ բռնությունը դատապարտելու հարցով ոչ իշխանական ուժերի նախաձեռնած արտահերթ նիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG