Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո սոցիալական պաշտպանության ոլորտում «փոփոխություններ չեն լինի»


Ֆեյսբուքյան ասուլիս Արտեմ Ասատրյանի հետ
please wait

No media source currently available

0:00 1:01:37 0:00

Ֆեյսբուքյան ասուլիսի հյուր սոցապնախարար Արտեմ Ասատրյանին այսօր օգտատերերը հարցեր էին ուղղել հիմնականում մայրության նպաստների և կուտակային կենսաթոշակների մասին։

Նրանցից շատերը գրել էին, որ այս օրենքներով ոտնահարվում են հղի կանանց և ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված մարդկանց իրավունքները: Հիշեցնենք, աշխատող հղիները հիմնականում դժգոհում էին, թե ինչո՞ւ է պետությունը որոշել մայրության իրե՛նց նպատսներից բաժին հանել չաշխատող հղիներին:

Նախարար Ասատրյանը խնդրի ձևակերպման հետ համաձայն չէր.- «Իրականում մենք որևէ մեկից չէինք նախատեսում կրճատել, տալ մյուսին։ Այդպես ներկայացվում է, ես ասում եմ, որ բացարձակապես այդպես չէ։ Ընդունված օրենքով մինչև մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող կանանց առումով որևէ փոփոխություն չի առաջացնում։ Մեկ միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացողների առումով նպաստի ավելի մասը կարող է վճարել գործատուն կոլեկտիվ կամ անհատական աշխատանքային պայմանագրերի կամ իրավական ակտի շրջանակներում»։

«Հուլիսի 1-ից «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը սկսվեց կիրառվել, մենք կրկին արձանագրեցինք, որ իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, կրկին շտապել է, քանի որ այս օրենքի նախագիծը կազմվել, այնուհետև ընդունվել է միայն ՀՀԿ խմբակցության կողմից։ Հետևաբար, ըստ իս, ՀՀԿ-ն կրում է ողջ պատասխանատվությունը»,- գրել էր օգտատերերից մեկը և շարունակել.- «Օրենքի հեղինակները լուծում չեն տվել համատեղությամբ աշխատողների սոցիալական վճարների վճարման կամ հրաժարման հետ կապված հարցերին։ Բուհերում և այլ պետական հաստատություններում համատեղությամբ աշխատող անձինք հարկադիր ձևով հայտնվեցին համակարգում»։

Այս դիտարկմանը ի պատասխան նախարարն ասաց, որ իշխող կուսակցությունը միշտ պատասխանատու ուժ է: Իսկ համատեղությամբ աշխատողների մասով նշեց՝ համակարգը ենթադրում է մասնակցության մեկ կարգավիճակ.- «Բուհերը վերածվում են ՊՈԱԿ-ների, նրանց կազմակերպաիրավիճակը փոխվում է, որպեսզի բուհերը ավելի մեծ ազատություն ունենան։ Այն բուհերը, որոնք ունեն հիմնադրամի կարգավիճակ, այստեղ աշխատող անձանց համար այդպիսի խնդիր չի առաջանում, որովհետև հիմնադրամը ընդգրկված չէ այն պետական կազմակերպությունների շարքում, որտեղ աշխատանքը պարտադիր ենթադրում է մասնակցություն»:

Օգտատերերին մտահոգում էր այն, թե համատարած գնաճի ու դրամի փոխարժեքի ֆոնին արդյոք աշխատավարձի կամ թոշակների բարձրացում կլինի՞: Արտեմ Ասատրյանն ասաց՝ հասկանալի է, որ սա այս իրավիճակում է՛լ ավելի ծանր կացության մեջ է հայտնվում հիմնականում անապահով խավը: Նաև վստահեցրեց՝ 2015-ին կլինեն աշխատավարձի ու թոշակների բարձրացում: Դիտարկմանը, թե դրանք հիմնականում սիմվոլիկ թվեր են լինում և էական խնդիր չեն լուծում, սոցապնախարարն ընդունեց, որ 36.000 դրամ միջին կենսաթոշակը հեռու է բավարար լինելուց:

«2015 թվականի հունվար ամսից շուրջ 14 տոկոսով ավելանալու են կենսաթոշակները, նաև սոցիալական նպաստները, իսկ հուլիս ամսից զինծառայության հետ կապված՝ կենսաթոշակները, նորից՝ շուրջ 15 տոկոսով: Նաև օգոստոս ամսին մենք ավելացրեցինք զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմա նդամ զինծառայողների պարգևավճարները, և այս քաղաքականությունը ևս շարունակական է լինելու», - նշեց նախարարը:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով, նախարարի խոսքով, սոցիալական պաշտպանության ոլորտում էական փոփոխություններ չեն նախատեսվում:

«ԵՏՄ-ին միանալուց հետո սոցիալական պաշտպանության ոլորտում փոփոխություններ, որպես այդպիսին, չեն նախատեսվում: Իհարկե, նախատեսվում են որոշակի հստակեցումներ, որ յուրաքանչյուր պետություն, այն մասով, որ մասով որ քաղաքացին իր տարածքում աշխատած կլինի, պիտի ապահովի տվյալ անձի կենսաթոշակը այդ միասնական տարածքում»,- նշեց նա:

XS
SM
MD
LG