Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Ըստ Կոնգրեսի տարածած հայտարարության, շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրների, ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների, ինչպես նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր: Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր տեսակետը` հատուկ անդրադարձ կատարելով քաղաքական ահաբեկչությունների` վերջերս ծայր առած ալիքին:
Իսկ Կոնգրեսի վարչության անդամներ Ավետիս Ավագյանը, Արման Մուսինյանը և Վլադիմիր Կարապետյանը այսօր հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների և Գերմանիայի դեսպաններ Քեթի Լիչի, Ջոն Հեֆերնի և Ռայներ Մորելի հետ՝ ներկայացնելով Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակման հետ կապված մանրամասները և Կոնգրեսի մոտեցումները ինչպես Արամ Մանուկյանի, այնպես էլ վերջին շրջանի քաղաքական ահաբեկչությունների դրսևորումների վերաբերյալ: