ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքով՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ շատ կարևոր է, որ ապրիլի 24-ին միջոցառումներ կազմակերպվեն նաև Արևմտյան Հայաստանում, ինչի մասին ինքն, այդուհանդերձ, դեռևս չի լսել:
«Ինչպես բոլոր վայրերում կարևոր է նշել, Թուրքիայում, ինչու չէ՝ նաև Արևմտյան Հայաստանում նշելը կունենա հատուկ նշանակություն, սակայն կարևոր է, որ այդ միջոցառումները հստակ, ճիշտ պատգամ փոխանցեն Թուրքիայի հասարակությունը, որովհետև Թուրքիայի հասարակությունը պետք է իմանա ոչ միայն անցյալում ինչ է եղել, այլ նաև, թե հայությունը ինչ է ակնկալում, պահանջում Թուրքիայից», - ասաց Կիրո Մանոյանը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ստամբուլում գործող հայտնի իրավապաշտպան կազմակերպություններից մեկը, մի շարք քաղաքացիական խմբավորումներ և ակտիվիստներ կոչ էին արել համայն հայությանը 2015 թվականի ապրիլի 24-ը անցկացնել Ստամբուլում, որպեսզի վերահաստատվի հային ներկայությունը և շարունակվող կապը իր նախնիների հողի հետ:
Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը նախ նկատում է, որ սա առաջին տարին չէ, որ նման ոգեկոչման միջոցառումներ է կազմակերպվելու Թուրքիայում և շեշտում, որ առաջիկայում քիչ չեն լինելու թուրքական այլ կազմակերպություններ, որոնք այդ օրը կդատապարտեն մեկ դար առաջ այդ հողի վրա հայերի հետ տեղի ունեցածը:
«Եվ սա արդեն Թուրքիան էլ է հասկանում, այլ պետություններն ու ժողովուրդներն էլ են հասկանում, բայց մեր կարևոր խնդիրը կլինի ամրագրել, որ մենք պահանջներ ունենք Թուրքիայից», - ընդգծեց Կիրո Մանոյանը։
Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ որքան մոտենում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, այդքան ավելի են շատանալու նման կոչերը: Նա նշեց, որ թեև դա ամբողջապես չի արտացոլում թուրք ժողովրդի տեսակետը, բայց դրական քայլ է:
«Քաղաքացիական հասարակության մակարդակով ցանկացած շփում և կոչ ես համարում եմ դրական, որովհետև դրա շնորհիվ համապատասխան բարոյահոգեբանական ֆոն է ստեղծվում, որի վրա հետագայում չի կարելի բացառել նաև քաղաքական ինչ-որ լուծումներ»,- ասաց Դարբինյանը:
Նրա խոսքով՝ մեր շահերից բխում է, որ մի քանի 100 թուրք քաղաքացի առերեսվի սեփական պատմությանը, այդուհանդերձ, վստահ լինելով, որ 100-ամյա տարելիցը նպատակային կլինի նշել հենց Երևանում:
«Մենք արդեն պիտի հասկանանք, որ համամարդկային արժեքների մարդու իրավունքների ոտնահարման համատեքստում նշանակություն չունի, թե որտեղ է սկսվել: Տեղի է ունեցել մի ողբերգություն, որը պիտի համապատասխան արձագանքը ստանա համաշխարհային հասարակության կողմից: Իհարկե, ճիշտ կլինի, որ այդ օրը մենք Հայաստանում համախմբվենք», - ասաց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրենը:
Իր հերթին Կիրո Մանոյանը կարծում է, որ արտաքին քաղաքականության կարևորագույն ձեռքբերումներից պետք է լինի հնարավորինս շատ թուրքերի մասնակցությունն ապահովել Երևանում կազմակերպվելիք միջոցառումներին:
Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը վստահեցնում է, որ կարիք չկա նստել ու գուշակել՝ Թուրքիայի նախագահը կգա, թե չի գա Հայաստան նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, որն, ըստ նրա, ավելի շուտ մարտահրավեր էր: Ավելի ճիշտ կլինի այսօրվանից պատասխան պատրաստել Թուրքիայի ղեկավարության ցանկացած որոշմանը:
«Չեմ բացառում, որ ինչ-որ քայլեր ինքը՝ Թուրքիան փորձի ձեռնարկել որպես հակադարձություն և որոշ կացություն ստեղծել Հայաստանի համար, ինչին էլ մենք պետք է պատրաստ լինենք», - ասաց Կիրո Մանոյանը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ավելի քան 2 տասնյակ երկիր: Չնայած պաշտոնական Վաշինգտոնը 1915 թվականի դեպքերը պաշտոնապես ցեղասպանություն չի անվանում, սակայն ԱՄՆ 50 նահանգներից 42-ը ճանաչել են հայերի ցեղասպանությունը: