Ընդդիմադիր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը կմասնակցի Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված բողոքի երթին, անկախ այն բանից՝ եռյակի մյուս ուժերի լիդերները մասնակցո՞ւմ են դրան, թե ոչ:
«Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում և այլուր հարցազրույցների և իր ելույթի ժամանակ ասել է, որ ինքը մասնակցելու է Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված բողոքի երթին՝ ՀԱԿ-ի կողմից կազմակերպված բողոքի երթին», - «Ազատության» հետ զրույցում, մասնավորապես, ասաց Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի քարտուղարը, - «Րաֆֆի Հովհաննիսյանը, այդ օրվա միջոցառումը կարևորելով, հայտարարել է, որ ինքը մասնակցելու է և իր մասնակցությունը չի կապել որևիցե այլ մարդկանց մասնակցությանը: Լավ գիտեք, որ ամենատարբեր միջոցառումներին Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես քաղաքացի, իր մասնակցությունը ունենում է»:
Հիշեցնենք, ավելի վաղ «Ազատությունը» տեղեկացել էր, որ խորհրդարանի ոչ իշխանական եռյակ ուժերի մյուս ղեկավարները՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, չեն մասնակցի միջոցառմանը:
Ռուզաննա Ստեփանյան