Մատչելիության հղումներ

Շտայնմայեր. «Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սահմանմանը մեկ քայլ է մնացել»


Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայեր և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, Թբիլիսի, 9-ը դեկտեմբերի, 2014թ․
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայեր և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, Թբիլիսի, 9-ը դեկտեմբերի, 2014թ․

Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության պրոցեսը «տրամաբանական ընթացք ունի»:

Վրաստանը շատ մոտ է Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի սահմանմանը: Այս մասին երկուշաբթի ուշ երեկոյոն Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:

«Անդրադառնալով Վրաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացմանը՝ ես ցանկանում եմ հստակորեն ընդգծել. Վրաստանն ու Եվրամիությունը շատ մոտ են ազատ վիզային ռեժիմի ձևավորմանը, կարելի է ասել, որ դրան մեկ քայլ է մնացել», - հայտարարեց գերմանական դիվանագիտության ղեկավարը` հատուկ ընդգծելով․ - «Գերմանիան իր ողջ ազդեցությունը կօգտագործի Վրաստանի եվրոպական ընտրությանն աջակցելու համար»:

«Եվրամիության և Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագիրը պետք է դառնա ձեր երկրում բարեփոխումների և արդիականացմանն ուղղված քայլերի գլխավոր խթանը: Այս համաձայնագիրը ստորագրած երկու կողմերն էլ պետք է լուրջ աշխատանք իրականացնեն, բավական շատ ժամանակ ծախսեն, որպեսզի Վրաստանի քաղաքացիները կարողանան օգտվել Ասոցացման պայմանագրի կողմից ընձեռվող օգուտներից», - նշում էր Ֆրանկ Վալտեր Շտայնամայերը:

Պատասխանելով ասուլիսի ներկա Reuters-ի թղթակցի դիտարկմանը, թե պաշտոնական Բեռլինը «պահպանողական դիրքորոշում է որդեգրել» Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, Գերմանիայի արտաքին գործերի նախարարը նկատեց․ - «Ես չեմ կարծում, որ այս խնդրում Գերմանիայի դիրքորոշումը պահպանողական է: Ես կգերադասեի այն որակել որպես ճիշտ և համարժեք ստեղծված իրավիճակին: Գերմանիան աջակցում է 2008-ի ապրիլին դաշինքի բուխարեստյան գագաթնաժողովի ընթացքում կայացված որոշմանը, որի համաձայն Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ համապատասխանի կազմակերպության առաջ քաշած բոլոր չափանիշներին: Ավելին, հենց Գերմանիան էր, որ առաջարկեց ՆԱՏՕ-ի վերջին՝ ուելսյան գագաթնաժողովի ընթացքում Վրաստանին աջակցության հատուկ փաթեթ մշակել: Կարծում եմ, որ Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցության պրոցեսը տրամաբանական ընթացք ունի»:

Գերմանիայի արտգործնախարարը վերջին երկու օրերին Թբիլիսիում կայացած բանակցությունների ընթացքում չշրջանցեց նաև Ռուսաստանի և Աբխազիայի միջև երկու շաբաթ առաջ Սոչիում կնքված պայմանագիրը, որի ստորագրումը վրացական կողմը բռնակցման փորձ է որակում:

Այս թեմային Շտայնմայերը անդրադարձավ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցություններից հետո:

«Մենք խոսեցինք նաև այստեղ` Վրաստանում, ստեղծված կացության մասին, մասնավորաբար՝ Աբխազիայի և Ռուսաստանի միջև պայմանագրի ստորագրումից հետո: Ես ասացի ձեր նախագահին, որ մենք երբեք չենք ընդունի այս պայմանագիրը», - նշում էր Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ի դեպ, Շտայնմայերի վրաց պաշտոնակցուհին` Թամար Բերուչաշվիլին պնդում է, որ այս հարցում Բեռլինը միանշանակորեն համակարծիք է Թբիլիսիի հետ:

«Ինչպես և մենք, մեր գերմանացի գործընկերները ևս խորապես ապշած են Ռուսաստանի վերջին գործողություններից, որոնք ոտնահարում են ոչ միայն Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այլև միջազգային իրավունքի նորմերը: Աբխազիայի փաստացի իշխանությունների հետ այսպես կոչված ռազմավարական գործընկերության և ինտեգրման մասին համաձայնագրի ստորագրումը վկայում է, որ Ռուսաստանի նպատակը վրացական տարածքների օկուպացիան և բռնակցումը շարունակելն է: Բացի այդ, Մոսկվան նպատակ ունի կանխել Վրաստանի հաջող ինտեգրումը եվրոպական կառույցներին», - հայտարարում էր Բերուչաշվիլին:

Այսօր առավոտյան արդեն Գերմանիայի արտաքին գործերի նախարարը Թբիլիսիից մեկնելուց առաջ հանդիպեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Բանակցությունների այս փուլում կողմերը հիմնականում կենտրոնացան տնտեսական երկկողմ կապերի ամրապնդման վրա:

Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին և Շտայնմայերը քննարկել են նաև Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի առաջիկա այցը Վրաստան: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ այն կայանալու է 2015-ի գարնանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG