Մատչելիության հղումներ

Ռուս - բելառուսական մաքսային վեճը վերսկսվել է


Բելառուս - Մաքսավորները զննում են պարեն փոխադրող բեռնատարը, Բրեստ, 2-ը դեկտեմբերի, 2014թ.
Բելառուս - Մաքսավորները զննում են պարեն փոխադրող բեռնատարը, Բրեստ, 2-ը դեկտեմբերի, 2014թ.

Տարաձայնությունները բխում են Եվրամիություն - Ռուսաստան փոխադարձ պատժամիջոցներից։

ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ, Բելառուսը միակողմանիորեն վերականգնել է մաքսակետերի աշխատանքը Ռուսաստանի հետ սահմանին և երկիր մուտք գործող մասնավոր մեքենաների ու բեռնատարների ստուգումներ է անցկացնում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի մաքսային ծառայությունը։

«Մեր կողմից մաքսային զննում չի իրականացվում», - պարզաբանել է Ռուսաստանի մաքսային ծառայության մամլո խոսնակ Ելենա Գրաչը։

Ռուսաստանից Բելառուս տանող ճանապարհներին բեռնատար մեքենաների հսկայական կուտակումներ են գոյացել։

Մաքսային ստուգումները դադարեցվել էին 2011 թվականին, երբ ուժի մեջ էր մտել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ստորագրած Մաքսային միության պայմանագիրը։

2015 թվականի հունվարի 1-ից գործելու է ավելի սերտ ինտեգրում ենթադրող Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը, որին միացել է նաև Հայաստանը։

Ռուսաստանի և Բելառուսի վեճի վերսկսումը պայմանավորված է Մոսկվայի նկատմամբ Եվրամիության սահմանած տնտեսական պատժամիջոցներով և ռուսական կողմի պատասխանով։

Ռուսներն այս տարվա օգոստոսին արգելել են Միացյալ Նահանգներում, Եվրոպական միության տարածքում և որոշ այլ պետություններում արտադրված պարենի ներկրումը։

Ըստ ռուսների, բելառուս հնարամիտ առևտրականները սկսել են երկու ապօրինի եղանակով գումար դիզել․ նախ՝ նրանք Եվրոպայից ստացած պարենի պիտակները փոխում են և այն որպես բելառուսական արտադրանք հասցնում Ռուսաստան, բացի այդ՝ եվրոպական պարենը հայտարարագրում են որպես Ղազախստանի համար նախատեսված բեռ, որը պետք է Ռուսաստանի տարածքով փոխադրվի Կենտրոնական Ասիա։ Ռուսները պնդում են, որ այդ երկրորդ տարբերակով ուղարկվող բեռն իրականում իրացվում է հենց Ռուսաստանում։

Ռուսները ստուգումներ են անցկացնել, հայտնաբերել են մանրէներ և հակաբիոտիկներ ու դրա հիման վրա արգելել են բելառուսական միսկոմբինատների ու թռչնաբուծարանների արտադրանքի ներկրումը։ Ռուս և բելառռւս պաշտոնյաների բանակցությունները արդյունք չեն տվել։

Վրդովված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է իր կառավարության անդամներին։

«Ինձ զայրացրել է ոչ միայն Ռուսաստանի կեցվածքը, այլև մեր անողնաշար կառավարությունը, որն արդեն որերորդ անգամ նախագահին ստիպում է անհեթեթ հարցեր լուծել», - անցած շաբաթ հայտարարել է Լուկաշենկոն և ավելացրել. - «Իսկ Ռուսաստանն իրեն շատ տգեղ է պահել, խախտել է Մաքսային միության պայմանագրի բոլոր կետերը»։

«Թող Ռուսաստանը չնեղանա, բայց պարենի անվտանգության տեսակետից նրանք մեր երկրից կես դար հետ են ընկել», - ասել է Լուկաշենկոն և պնդել, որ Բելառուսը երբեք չի զբաղվել պարենի վերավաճառքով։

Բելառուսական մաքսակետերը Ռուսաստանից ժամանող մեքենաների ստուգումները վերսկսել են դեկտեմբերի 6-ին։ Պաշտոնական Մինսկը հայտարարել է, որ այս ընթացքում կանխել է Ռուսաստանից Բելառուս 20 տոննա բանան, 400 լիտր սպիրտ և մոտ 500 տուփ ծխախոտ ապօրինի եղանակով ներկրելու փորձերը։

«Եթե Ռուսաստանը չի ուզում, որ իր տարածքով ապրանքներ փոխադրվեն Ղազախստան, Ուզբեկստան, Չինաստան, Մոնղոլիա, Թուրքիա, ապա թող արգելի տարանցումը, մենք տարանցիկ երկիր ենք, դա մեզ եկամուտ է տալիս, մենք չենք արգելում տարանցումը Բելառուսի տարածքով, քանի որ դա միջազգային իրավունքի խախտում է», - հայտարարել է Լուկաշենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG