Մատչելիության հղումներ

Լրագրողի կալանավորումը քննադատության ալիք է բարձրացրել Ադրբեջանում


Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովա, արխիվ
Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովա, արխիվ

«Իսմայլովայի կալանավորումը երկրում այլախոհությունը ոչնչացնելուն ուղղված քաղաքականության շարունակությունն է»:

Ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովայի կալանավորումը քննադատության բուռն ալիք է բարձրացրել նաև Ադրբեջանում:

Մասնագետները տարակուսած են՝ իրավապահների հիմնավորումները լրագրողին կալանավորելու որոշման վերաբերյալ օրենքի տառին չեն համապատասխանում:

Ադրբեջանցի հայտնի իրավաբան Ասլան Իսմայլովը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ - «Իսմայլովայի կալանավորումը երկրում այլախոհությունը ոչնչացնելուն և ճնշելուն ուղղված քաղաքականության շարունակությունն է»:

Ադրբեջանցի քաղաքագետ Արաստուն Օրջալուն էլ լրագրողի կալանքը անվանել է իշխանությունների վտանգավոր ռազմավարության ցուցանիշ: «Իշխող ռեժիմը լուրջ ճգնաժամի մեջ է», - հավելել է քաղաքագետը:

Հիշեցնենք՝ Բաքվի Սաբաիլի շրջանի դատարանը ուրբաթ օրը հայտնի լրագրողին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց՝ զրպարտության մեղադրանքով:

Ադրբեջանական իշխանությունները լրագրողի նկատմամբ հետևողական հետապնդումները իրավական հարթությունում փորձում են հիմնավորել՝ նրա անվան հետ կապելով Թուրալ Մուստաֆաևի ինքնասպանության փորձը:

Իսմայլովայի ընկերների փոխանցմամբ՝ Մուստաֆաևը լրագրողին մեղադրել է իրեն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունից հեռացնելու մեջ, մինչդեռ Իսմայլովան ռադիոկայանը ղեկավարել է 2008-2010 թվականներին, իսկ դրանից հետո որպես ծրագրի հաղորդավար է աշխատել:

«Խադիջային կալանավորելու իրական պատճառը ոչ թե ինչ-որ մտացածին ինքնասպանության հասցնելն է, այլ նրա լրագրողական գործունեությունը», - «Թուրան» գործակալության հետ զրույցում ասել է իրավապաշտպան Միրվարի Ղահրամանլըն: Նա նկատել է, որ ամեն օր Բաքվի Քերօղլու կամրջի վրա ինքնասպանության բազմաթիվ փորձեր են լինում, անգամ՝ ինքնահրկիզման դեպքեր, սակայն մինչ օրս իշխանությունները չեն կալանավորել որևէ մեկին, ով քաղաքացուն հասցրել է ինքնասպանության: «Ինչո՞ւ են նման օպերատիվություն դրսևորել այս դեպքում», - շարունակել է իրավապաշտպանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ երկրի գլխավոր դատախազությունը շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի առաջին իսկ բառերը հակասում են գործող օրենսդրությանը՝ անմեղության կանխավարկածի խախտում, հոգեկան խնդիրներ ունեցող անձի վկայությունների վրա հիմնված մեղադրանքներ:

«Թուրան»-ը տեղեկացնում է, որ լրագրողը, ով Խադիջային մեղադրում է իրեն ինքնասպանության հասցնելու մեջ, հայտնի է իր սկանդալային վարքագծով և ոչ վաղ անցյալում հոգեկան խնդիրներով հայտնվել է հոգեբուժարանում, իսկ դատախազությունը կալանքի մասին որոշում է կայացրել առանց հիմնավոր փաստարկներ ունենալու և հիմնվելով բացառապես այդ անձի վկայությունների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG