Դեկտեմբերի 4-5-ը «Աղետներին դիմակայելու պատրաստ օդանավակայաններ» (GARD) գլոբալ ծրագրի շրջանակներում վարժանքներ կանցկացվեն «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ըներությունում։
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարժանքների նպատակն է փորձարկել «Զվարթնոց» օդանավակայանի արտակարգ իրավիճակներում գործելու և Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցության պլանը։
Վարժանքների ընթացքում կկատարելագործվեն մասնակիցների գործնական հմտությունները և կհղկվի արտերկրից ժամանած փրկարարական թիմերի ընդունման գործընթացը:
Ուսումնավարժանքների սցենարը հետևյալն է. Կոտայքի մարզում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով ստեղծվել է բարդ իրավիճակ՝ վնասվել է «Զվարթնոց» օդանավակայանի պահուստային էներգամատակարարման ցանցը, ինտերնետային կապում առկա են խնդիրներ, օդանավակայանն աշխատում է ճգնաժամային ռեժիմում, հրդեհ է բռնկվել վառելիքի պահեստներում, վնասվել է նաև օդանավակայանի թռիչքուղին։