Մատչելիության հղումներ

Մետրոպոլիտենի ղեկավարությունը հրաժարվեց հաշտությունից


Մետրոպոլիտենի ղեկավարությունը հրաժարվեց հաշտությունից
please wait

No media source currently available

0:00 0:02:53 0:00

Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը այսօր հրաժարվեց հաշտություն կնքել կուտակայինի դեմ ցույցերից հետո աշխատանքից ազատված երեք աշխատակիցների հետ:

Մեքենավարներ Անդրանիկ Գևորգյանը, Գագիկ Գալստյանը և Սևակ Հովհաննիսյանը, հիշեցնենք, անցած փետրվարին հեռացվել են աշխատանքից այն բանից հետո, երբ մասնակցել էին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային:

Մետրոպոլիտենի շահերը ներկայացնող Արտակ Երեմյանը փոխանցեց ղեկավարության պատճառաբանությունը՝ կրկին պնդելով, որ Գագիկ Գալստյանը, Սևակ Հովհաննիսյանը և Անդրանիկ Գևորգյանը աշխատանքից աշխատանքից ազատվել են թերի աշխատանքի պատճառով:

Պատասխանող կողմը որպես աշխատանքի թերացում և աշխատանքից հեռացման պատճառ նշում է գրանցամատյաններում պատշաճ գրառումների բացակայությունը և պնդում, որ հայցվորները թույլատրել են օտար մարդկանց մուտքը արգելված վայր: Հայցվորները, մինչդեռ, պնդում են, որ 15 տարվա աշխատանքային փորձի ընթացքում անգամ մեկ գրավոր զգուշացում չեն ստացել թերի աշխատանքի վերաբերյալ:

Նրանց շահերի պաշտպան Քրիստինա Գևորգյանի պնդմամբ՝ դատարավարության ողջ ընթացքում մետրոոլիտենի ղեկավարությունը այդպես էլ չներկայացրեց նախկին աշխատակիցների թերացումների մասին որևէ գրավոր ապացույց:

Փաստաթուղթ չներկայացվեց նաև մետրոպոլիտենի ղեկավարության ներկայացրած մեկ այլ պնդման վերաբերյալ, թե՝ Սևակը, Գագիկն ու Անդրանիկը նյութական լուրջ վնաս են պատճառել ընկերությանը: Դատավարության ընթացքում այդպես էլ չհրապարակվեց հասցված վնասի չափը:

Արգելված վայրում օտար մարդկանց ներկայության հանգամանքը ևս չապացուցվեց: Մետրոյի շահերի պաշտպանն ասաց, թե այս առիթով արձանագրություն չի կազմվել զուտ տեխնիկական պատճառով, ինչը հարուցեց Քրիստինա Գևորգյանի տարակուսանքը․ - «Այդ մարդիկ փախե՞լ են․․․ Անվտանգության աշխատակիցներ ունեք, չէ՞»:

Մետրոպոլիտենի շահերի ներկայացուցիչն արձագանքեց․ - «Անվտանգության աշխատակիցներ չունի: Ուղղակի պահպանության բաժին կա․․․ Ես չասացի, որ փախել են, ես ասացի, որ հնարավոր չի եղել պարզել անձի ինքնությունը»:

Արդեն «Ազատության» հետ զրույցում հայցվորների շահերի պաշտպան Գևորգյանը պնդեց, որ պատասխանող կողմը կարգապահական թերությունների մասին մինչև օրս խոսել է, սակայն այդպես էլ գրավոր ապացույցներ չի ներկայացրել 15 տարվա աշխատողներին առանց զգուշացման աշխատանքից հեռացնելու վերաբերյալը։

«Սխալ հոդվածի կիրառումն է այստեղ խնդիրը, և ինձ թվում է, մեր հայցը կբավարարվի», - նշեց փաստաբանը:

«Ազատության» հարցին, թե անգամ եթե դատարանը բավարարի հայցը, ինչպես են իրենք պատկերացնում իրենց հետագա աշխատանքը մետրոպոլիտենում, հայցվողներից Գագիկ Գալստյանը պատասխանեց․ - «Մենք պատրաստ ենք աշխատելու՝ անկախ նրանից, թե ինչ պայմաններ կառաջարկվի: Իսկ թե նրանք մեզ հետ ոնց կաշխատեն, դա հետագան ցույց կտա»:

«Ինձ թվում է, աշխատավայրում մարդկային հարաբերություններն այդքան կարևոր չեն: Օրենքի սահմաններում որ աշխատենք, խնդիր ու խոչընդոտներ չի լինի», - հավելեց Անդրանիկ Գևորգյանը:

Այսօր գործի քննությունն ավարտվեց: Դատարանն իր վճիռը կհրապարակի երկու շաբաթ անց:

XS
SM
MD
LG