Մատչելիության հղումներ

OPEC-ի որոշմանը հետևել է նավթի հերթական գնանկումը


OPEC-ը որոշել է չկրճատել նավթի արդյունահանումը
please wait

No media source currently available

0:00 0:02:40 0:00

Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը՝ OPEC-ը որոշեց չկրճատել նավթի արդյունահանման ծավալները, չնայած միջազգային շուկայում նավթի գինը շարունակում է ընկնել:

OPEC-ի անդամ երկրների՝ նոյեմբերի 27-ին Վիեննայում կայացած նիստից հետո հայտարարվեց, որ նավթի արդյունահանման քվոտան կպահպանվի, օրական 30 միլիոն բարել նավթի արդյունահանումը կշարունակվի նույն ծավալներով: Նիստին հաջորդած մամուլի բրիֆինգում այս մասին հայտարարեց կազմակերպության ներկայացուցիչ Հասան Աբդուլ Համիդը:

Նիստից անմիջապես հետո հում նավթի գինը 6 դոլարով ընկավ՝ հասնելով մեկ բարելի դիմաց 71 դոլար 25 ցենտի, հետո կանգնեց 72 դոլար 58 ցենտի վրա. այսպիսի ցածր գին գրանցվել էր չորս տարի առաջ:

Միացյալ Նահանգներում նավթի գինը նվազել է ավելի քան 4 դոլարով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 69 դոլար 5 ցենտի:

Նավթ արդյունահանող 12 երկրներից բաղկացած OPEC-ը որոշեց հաջորդ նիստը անցկացնել 2015 թվականի հունիսին: Սա նշանակում է, որ ընթացիկ գինը կես տարի կարող է պահպանվել, եթե այդ ընթացքում լուրջ փոփոխություններ տեղի չունենան:

Նավթի գնի անկումը հարվածում է Ռուսաստանի տնտեսությանը և ռուբլու փոխարժեքին: OPEC-ի նիստից անմիջապես հետո ռուսական ռուբլու փոխարժեքը էլ ավելի ընկավ՝ հասնելով հերթական նվազագույն մակարդակին, մեկ դոլարի դիմաց 48 ռուբլի 65 կոպեկ, մեկ եվրոյի դիմաց 60 ռուբլի 75 կոպեկ: Այսօր առավոտյան Ռուսաստանի արտարժույթի շուկայում ռուբլու արժեզրկումը շարունակվել է: Ռուսաստանի տնտեսական մի շարք փորձագետների կանխատեսմամբ՝ նավթի գնի անկումն ու ռուբլու արժեզրկումը հնարավոր է շարունակվի:

Արևմուտքի պատժամիջոցներից առանց այդ էլ տուժող Ռուսաստանը իր բյուջեն հավասարակշռելու համար կարիք ունի, որ նավթի գինը մեկ բարելի համար 100 դոլար լինի: Նավթ արդյունահանող Ռուսաստանը OPEC-ի անդամ չէ:

«Ռոյթերս»-ը նշում է, որ OPEC-ի նիստի որոշումը փաստորեն նշանակում է գնային պատերազմ հայտարարել կազմակերպությանը չանդամակցող նավթային երկրներին:

ԱՄՆ-ի դաշնակից Սաուդյան Արաբիան OPEC-ում նշանակալից դերակատարություն ունի ու Սաուդյան Արաբիայի ու Ռուսաստանի շահերը բախվում են նաև Սիրիայի պատճառով, քանի որ Մոսկվան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին:

Փորձագետները հնարավոր են համարում Ռուսաստանի բյուջետային ծախսերի կրճատումներ մոտավորապես 10 տոկոսով, քանի որ 2015 թվականի բյուջեն հաշվարկվել էր մեկ բարել նավթի գինը 96 դոլարի չափով:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը այսօր ասել է, որ OPEC-ի որոշումը կանխատեսելի էր: Պատասխանով Ռուսաստանի տնտեսության ապագայի մասին հարցին՝ նա ասել է.- «Մենք չենք փլուզվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG