Մատչելիության հղումներ

Այսօր Եղիշե Չարենցի մահվան 77-րդ տարելիցն է


1937 թվականի ճիշտ այս օրը՝ նոյեմբերի 27-ին, չորսամսյա տառապալից բանտարկությունից հետո Երևանի բանտում լուսադեմին տանջամահ եղավ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը։

Մինչ այդ գրել էր. «Իմ մահվան օրը կիջնի լռություն, ծանր կնստի քաղաքի վրա...»։

Այդ լռությունը քաղաքի վրա ծանր նստեց 30 տարի, երբ վերջապես արդեն արգելված չէր նրա անունն, ու սկսեցին թաքստոցներից դուրս բերվել նրա մտերիմների կողմից պահպանվող նրա ձեռագրերը։ Սկսեցին հրատարակվել նրա գրքերը, և վերջապես 1967-ին մեծ շուքով նշվեց բանաստեղծի ծննդյան 70-ամյա հոբելյանը։

Մինչ 37-ի իր եղերական վախճանը, մեծ բանաստեղծը մի քանի տարի շարունակ խորհրդային ռեժիմի կողմից Խորհրդային Հայաստանում անլուր տառապանքների էր ենթարկվել, մեկուսացման, անգամ տնային կալանքի։ Վերջին՝ «Գիրք ճանապարհի» ժողովածու հրատարակությունից հետո հայտարարվել էր ազգայնական, հակահեղափոխական գրող, հեռացվեց գրողների միությունից, գրչընկերներն էլ մեկը մյուսին հերթ չտալով նորանոր ամբաստանագրեր ու մատնագրեր էին հեղում կոմունիստական իշխանություններին՝ չկասկածելով, որ իրենցից շատերն էլ նման մատնագրերի զոհ էին դառնալու։

Ամեն տարի Չարենցի անվան դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, գրողներ, արվեստագետներ, չարենցապաշտներ, սովորական համաքաղաքացիներ նրա տուն-թանգարանի աշխատակիցների նախաձեռնությամբ թե բանաստեղծի մահվան, թե ծննդյան օրը հատուկ նշում են թանգարանում կազմակերպվող տարբեր միջոցառումներով, ծաղիկներ դնում բանաստեղծի հուշահամալիրին։

Շիրիմ Չարենցն այդպես էլ չունեցավ։ Խորհրդային Հայաստանի ՉէԿա-ն ու այն ժամանակվա ղեկավարները երևի համոզված էին, որ այսպիսով, նաև նրա կնոջը Սիբիր աքսորելով, երեխաներին էլ որբացած թողնելով, ընդմիշտ կվերացնե հայ ժողովրդի մեծագույն զավակներից Եղիշե Չարենցի անունը։

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը այսօր հուշահամալիրի մոտ իր ելույթից հետո «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ ամեն տարի հենց այսօրը մի մեծ հիշեցում է մեր ողջ հասարակությանը, նաև գրական համայնքին, թե ինչպես չի կարելի ոչ մի դեպքում թույլ տալ ստալինյան ժամանակաշրջանի մղձավանջի, կեղծ մատնությունների, ամբաստանությունների կրկնությունը, թե ինչպես պետք է պահպանել մեծագույն արվեստագետներին ու հենց նրանց հորդորով նաև երիտասարդներին՝ գալիքի սերմնացաններին։

Բանաստեղծի թոռնուհին՝ Չանենցի տուն-թանգարանի աշխատակցուհի Գոհար Չարենցը ասում էր, որ այս անգամ թանգարանը չարենցասերների դատին է ներկայացրել մի ցուցահանդես, որտեղ ցուցադրված է ժամանակի մամուլը, այն հոդվածները, որոնցով Չարենցի գրչընկերները մեղադրանքի ու ստահոդ մատնությունների տեղատարափ էին հեղում բանաստեղծի հասցեին։

Չարենցը 1937-ին գրել էր.

Չնչին, ինչպես Արարատին նետած քար,
Դավերն այդ սև, քստմնելի և կամկար,
Չհասնելով քղանցքներին անգամ քո`
Վայր են թափվում համայնացած քո կամքով,
Եվ անտերունչ կորչում անզոր ու անկար։
Ինչպես անհաս Արարատին նետած քար...

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG