Մատչելիության հղումներ

Սաակաշվիլի. «Աբխազական երկաթուղու վերաբացումը Ադրբեջանի շրջափակում կնշանակի»


Սաակաշվիլի. «Աբխազական երկաթուղու վերաբացումը Ադրբեջանի շրջափակում կնշանակի»
please wait

No media source currently available

0:00 0:02:16 0:00

Պուտինի հայտարարությունը թեժացրել է աբխազական երկաթուղու վերաբացման շուրջ քննարկումները Վրաստանում:

Աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկումը հակասում է Վրաստանի դաշնակից Ադրբեջանի շահերին: Երեկ երեկոյան «Ռուսթավի-2» հեռուստաընկերության ուղիղ եթերում` Նյու Յորքից ուղիղ հեռուստակամրջի միջոցով, նման կարծիք հայտնեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

«[Գործող իշխանությունները] պարզապես սեպ են խրում Վրաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ աբխազական երկաթուղու վերաբացումը կնշանակի, որ մենք Ադրբեջանին ուղղակի շրջափակման ենք ենթարկում: Իսկ Ադրբեջանը տարածաշրջանում մեր գլխավոր դաշնակիցն է», - հայտարարում էր նախկին նախագահը:

Հիշեցնենք, որ աբխազական երկաթուղու վերաբացման շուրջ քննարկումները Վրաստանում թեժացան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` երկուշաբթի օրը Սոչիում ռուս - աբխազական համաձայնագրի ստորագրումից հետո արած այս հայտարարության արդյունքում․ - «Մյուս բոլոր գործընկերների համաձայնության դեպքում հնարավոր ենք համարում քննարկել և իրականացնել այնպիսի մի ծրագիր օրինակ, ինչպիսին է Սուխումի - Թբիլիսի` մինչև Հայաստան, և մյուս կողմից` Ռուսաստան, տարանցիկ երկաթուղային միջանցքի բացումը»:

Ավելի վաղ «Կավկազսկի ուզել»-ին տված հարցազրույցում Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան էր հայտարարել, թե պաշտոնական Սուխումն այս հարցում որևէ առարկություն չունի: Իսկ Վլադիմիր Պուտինի խորհրդական Վլադիսլավ Սուրկովը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում երկուշաբթի օրը պնդել էր, թե «պաշտոնական Թբիլիսին երբեք դեմ չի եղել աբխազական երկաթուղու վերագործարկմանը»:

Այսօր սակայն՝ Սոչիում հնչած հայտարարություններից երկու օր անց, Վրաստանի իշխանական շրջանակներից հնչող արձագանքները բավական իրարամերժ են:

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն «Իմեդի» հեռոստաընկերությանը տված հարցազրույցում նշում էր․ - «Մենք այդ հարցը կքննարկենք, եթե դա նպաստի աբխազական խնդրի լուծմանը, եթե դա տեղի ունենա Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում, մեր երկրի ինքնիշխանության նկատմամբ հարգանք ցուցաբերելով: Այդ դեպքում մենք կարող ենք անդրադառնալ ռուսական կողմի նախաձեռնությանը, տեսնել, թե ինչպես են նրանք պատկերացնում աբխազական երկաթուղու վերագործարկումը»:

Արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլիի խոսքով՝ երկաթուղային փոխադրումների վերականգնման հարցով այսօր Թբիլիսին որևէ բանակցություն չի վարում: «Ցանկացած ենթակառուցվածքային ծրագիր կքննարկվի միայն մի դեպքում` եթե դա համապատասխանի Վրաստանի ազգային շահերին», - նշում էր վրացական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Վրաստանի կառավարության մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցիչ էլ` քաղաքացիական իրավահավասարության և հաշտեցման գործերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին, ում ծառայողական պարտականությունների հիմնական մասը, ի դեպ, վերաբերում է հենց Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ևս անդրադարձավ այս խնդրին` նշելով. - «Մենք երբեք, ոչ Շևարդնաձեի և ոչ էլ Սաակաշվիլիի օրոք, չենք հրաժարվել երկաթուղու վերագործարկումից: Ե՛վ Շևարդնաձեի, և՛ Սաակաշվիլիի օրոք այս հարցի շուրջ բանակցություններ ընթացել են, աշխատանքային խմբեր են ձևավորվել և նախագծեր են կազմվել: Այժմ էլ նման բանակցությունները չեն բացառվում` ելնելով Վրաստանի պետական շահերից»: «Դա նախևառաջ ենթադրում է տարածաշրջանում ուժերի և անվտանգության հավասարակշռություն` Վրաստանի տարածքային ամբողջականության հստակ ընդգծմամբ: Բանակցությունները կարող են ընթանալ Վրաստանի և Ռուսաստանի միջև: Որևէ պարագայում աբխազական կողմն այդ բանակցությունների կողմ հանդիսանալ չի կարող», - «Նովոստի-Գրուզիա» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Զաքարեիշվիլին:

Աբխազական կողմը Թբիլիսիից հնչող այս մոտեցմանը կտրականապես համաձայն չէ: Ռուսական «Վզգլյադ» էլեկտրոնային պարբերականին տված հարցազրույցում Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբնիան նշում էր․ - «Մենք հասկանում ենք, որ գոյություն ունի չորս շահագրգիռ կողմ` Ռուսաստանը, Աբխազիան, Վրաստանն ու Հայաստանը: Երկաթուղու վերագործարկումը մեր շահերից է բխում: Մենք առանձնապես հետաքրքրված չենք, որ այս երկաթուղին շարունակի մնալ նման փակուղային վիճակում: Բայց մենք շատ զգայուն մոտեցում ունենք մեր ինքնիշխանության հարցին»:

Աբխազ պաշտոնյայի խոսքով, ի դեպ, վերջին անգամ երկաթուղու վերագործարկման հարցը քննարկվել է հինգ տարի առաջ: Այն ժամանակ բանակցությունները ընթանում էին տրանսպորտի նախարարությունների մակարդակով: Աբխազիան այդ բանակցությունների ընթացքում փակ բաժնետիրական մի ընկերություն էր ներկայացնում, իսկ շրջանառվող փաստաթղթերում օգտագործվում էր «Երկաթուղու աբխազական հատված» ձևակերպումը: «Բայց անգամ այդ տարբերակին վրացական կողմը կտրականապես դեմ էր», - նշում է Աբխազիայի փոխնախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG