Մատչելիության հղումներ

Կարասին․ «Խոսք չի կարող լինել Աբխազիայի բռնազավթման մասին»


Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին, արխիվ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին, արխիվ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Ազատությանը» տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու իրենք կնքեցին Աբխազիայի հետ աննախադեպ մերձեցման պայմանագիրը, որը ստորագրվելուց անմիջապես հետո արժանացավ և՛ Վրաստանի, և՛ Արևմուտքի քննադատությանը:

Ռազմավարական համագործակցության մասին տասնամյա համաձայնագրով, հիշեցնենք, Ռուսաստանն ու Աբխազիան պայմանավորվում են, մասնավորապես, իրականացնել միասնական արտաքին քաղաքականություն և ստեղծել անվտանգության միասնական տարածք:

«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում Կարասինը նախ հիշեցրել է 2008 թվականի իրադարձությունները, որոնցից հետո Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, հետո նշել է, որ Ռուսաստանի և Աբխազիայի միջև բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին համաձայնագիր է ստորագրվել, ինչպես նաև տասնյակ պայմանագրեր, և պնդում է, որ դրանց շարունակությունն էր Աբխազիայի հետ միութենական ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի ստորագրումը:

Վեց տարի անց կողմերը որոշեցին է՛լ ավելի ամրապնդել հարաբերությունները, նշել է նա՝ պարզաբանելով․ - «Ռուսաստանը՝ որպես մեծ պետություն, հզոր երկիր, միշտ պատասխանատու է իր սահմանների կայունության համար, ինչպես նաև սահմանի երկայնքով շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների համար: Դրա համար մենք հետաքրքրված ենք, որ մեր բոլոր հարևանները իրենց վտանգի մեջ չզգան, սրա վրա մենք միշտ ծախսել ենք ու կծախսենք շատ ուժեր, նյարդեր, ֆինանսական միջոցներ, որտեղ անհրաժեշտ է՝ կօգնենք տնտեսապես, ֆինանսապես»:

«Մի խոսքով, Աբխազիան և Հարավային Օսիան վեց տարի մեր գործընկերներն են, մենք ճանաչել ենք նրանց անկախությունը, նրանց ինքնիշխան պետությունները, և խոսք չի կարող լինել ոչ մի բռնազավթման մասին», - հայտարարել է Կարասինը՝ շարունակելով․ - «Սա բացարձակ թափանցիկ փաստաթուղթ է, որտեղ խոսքը փաստացի բոլոր ոլորտներում համագործակցությունը ընդլայնելու մասին է, ընդհանուր անվտանգության տարածքը ամրապնդելու, իսկ այն իսկապես ընդհանուր է, որովհետև Աբխազիան մեզ սահմանակից է, և ինչ կատարվում է Աբխազիայի շուրջը՝ դրանից կախված է նաև մեր անվտանգությունը, և հակառակը նույնպես»:

Ռուսական կողմի այս տեսակետները ներկայացնելուց հետո փոխարտգործնախարարն ասել է, թե բռնազավթման պլանների, կուլ տալու, բռնակցելու մասին մտացածին թեզիսները պետք է ուղղել այն մարդկանց, ովքեր Արևելյան գործընկերության նման ծրագրեր են իրականացնում:

Պաշտոնական Թբիլիսին ու Արևմուտքը խիստ քննադատել են Ռուսաստան - Աբխազիա համաձայնագիրը, Վաշինգտոնը նշել է, որ այն չի ճանաչում, Եվրամիությունը հայտարարել է, որ այն խախտում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG