Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտ․ «Ղարաբաղում խաղաղ լուծում գտնելու կարիքն ունենք»


ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի գրասենյակի տնօրեն Ջեֆ Ռաթկե, արխիվ

«Մենք, անշուշտ, հետևում ենք նոյեմբերի 12-ին շփման գծում ռազմական ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված անձնակազմի անդամների մարմինները վերադարձնելու գործողությանը», - երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի գրասենյակի տնօրեն Ջեֆ Ռաթկեն, ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք Միացյալ Նահանգները որևէ բան ձեռնարկո՞ւմ է ադրբեջանցիների կողմից խփված հայկական ուղղաթիռի անկման վայր ԵԱՀԿ-ի դիտարկման առաքելության մուտքը ապահովելու համար:

«Այս միջադեպը և հաջորդած բռնությունը մեկ անգամ ևս ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու անհրաժեշտությունը, և մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել ու խուսափել շփման գծի երկայնքով լարվածությունը մեծացնող գործողություններից», - ասել է Ռաթկեն՝ շարունակելով․ - «Եվ մենք նաև հորդորում ենք կողմերին՝ վերստին իրենց ջանքերը կենտրոնացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորման շուրջ բանակցելու վրա: Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները պատրաստակամ է մնում աջակցել»:

«Այժմ, ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ին, մենք, իհարկե, հասկանում ենք, որ ԵԱՀԿ-ի ներկայացուցչին կարող են մերժած լինել մուտքը տվյալ վայր: Այլ մանրամասների համար ձեզ խորհուրդ կտայինք դիմել նրանց, սակայն հստակ է, որ մենք Լեռնային Ղարաբաղում խաղաղ լուծում գտնելու կարիքն ունենք», - հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG