Մատչելիության հղումներ

Փաստաբանները անհրաժեշտ են համարում սոցապ փոխնախարարի հարցաքննությունը


Փաստաբանները անհրաժեշտ են համարում սոցապ փոխնախարարի հարցաքննությունը
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00

Փաստաբանները պնդում են, որ Բյուրեղավանի գիշերօթիկում յուրացումներ կատարելու փաստով հարուցված քրեական գործի քննությունն ընթանում է խախտումներով:

Գիշերօթիկի տնօրենի կողմից ծեծի ենթարկված երեխաների փաստաբանն ու հաստատությունում խախտումներ արձանագրած «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչը փաստում են՝ 50 միլիոն դրամ չարաշահումների փաստով քրեական գործը հարուցվել է դեռ 7 ամիս առաջ, 4 քննիչ է փոխվել, բայց մինչև հիմա անգամ մեկ մեղադրյալ չկա:

«Վարույթն իրականացնող մարմինը պետք է ներկայացներ նաև, թե ինչ է կատարվել վերջին յոթ ամիսների ընթացքում, արդյոք փոխնախարարը հարցաքննվել է, թե չէ, նախարարությունում հարցաքննություններ կատարվել են, թե ոչ։ Վերջին հաշվով արդեն վարչապետը ֆիքսել է այդ հանգամանքը, հարգելի դատարան, խիստ նկատողություն է տվել փոխնախարարին։ Այդ նկատողության շուրջ որևէ քննություն իրականացվել է, թե ոչ»,- ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Դատարանի միջնորդությամբ փաստաբանները քննիչից ու դատախազից ստացան մինչև այսօր հարցաքննվածների ցուցմունքների առաջին էջերն ու եկան այն եզրահանգման, թե գիշերօթիկի պահակն ու փականագործն են անգամ հարցաքննվել, իսկ սոցապ փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը փոխնախարարը՝ ոչ:

«Մեր կարծիքով՝ քանի դեռ չեն հարցաքննվել նախարարության աշխատակիցները, խոսել բազմակողմանի, օբյեկտիվ քննության մասին, ճիշտ չէ»։

Փաստաբանները դիմել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով քննիչի ու դատախազի անգործությունը:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ մինչև այսօր պետք է հարցաքննված լիներ սոցապ փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, ով ըստ ցուցմունքների՝ կոծկել է նախկին տնօրենի ապօրինությունները և սպառնացել աշխատանքից ազատել բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն խոսել ներքին խնդիրների մասին: Հիշեցնենք, որ վարչապետը փոխնախարարին ամիսներ առաջ խիստ նկատողություն էր հայտարարել՝ գիշերօթիկում թերի վերահսկողություն իրականացնելու համար:

Գործով զբաղվող քննիչն ու դատախազը դատարանին ներկայացրեցին՝ ինչ են արել մինչ օրս՝ ընդգծելով, որ թեպետ քրեական գործը հարուցվել է 7 ամիս առաջ, այդուհանդերձ, Քննչական կոմիտեում դրանով զբաղվում են շուրջ 18 օր միայն:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ դատարանը մերժեց փաստաբանների բողոքը և բավարարելով միջնորդությունը հետաձգեց դատական նիստը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը «Ազատությանն» ասաց, որ գործը դատարան է մտել թերի, մասնավորապես չեն քննվել պնդումները երեխաների նկատմամբ տնօրենի կիրառած բռնությունների մասին։

«Դատարան ներկայացված փաստաթղթերում մենք տեսանք, որ քրեական գործը հարուցվել է միայն յուրացման հիմքերով։ Այսինքն մենք ունենք գործի ոչ ամբողջական քննության խնդիր, դուրս են մնում հաղորդման մեջ նշված այն հանգամանքները, որոնք վերաբերում էին նաև ֆինանսական այլ չարաշահումներին կամ երեխաների նկատմամբ ծեծին և բռնությանը»,- ասաց Տիգրանյանը։

XS
SM
MD
LG