Մատչելիության հղումներ

Պաշտպանության բանակի մամլո ծառայության փոխանցմամբ՝ հատուկ նշանակության գործողության կատարման արդյունքում ՊԲ-ը կորուստներ չի կրել, շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող։

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված Մի-24 ուղղաթիռի անկման վայրում հատուկ նշանակության գործողություն են իրականացրել:

ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, «մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր»:

Պաշտպանության բանակը նաև տեղեկացնում է, որ հատուկ նշանակության գործողության ընթացքում ադրբեջանական կողմից շարքից հանվել է երկու զինծառայող, Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:

Այս տեղեկատվությունը հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակած հաղորդագրությամբ:

«Հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային և այլ հակազդեցությունները, այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին», - մասնավորապես, գրել է Արծրուն Հովհաննիսյանը, - «Կատարողականությունը ուղղակի փայլուն է հաշվի առնելով նաև հակառակորդի ոչ փոքր կորուստները, որոնք ծուղակ էին սարքել: Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, որոնք բնականաբար մահացած կլինեն տարբեր դժբախտություններից: ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը իրենց տոնի օրը փայլեցին, փառք նրանց: Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն, իսկ սև հրանոթները լռում են»:

Ադրբեջանի ՊՆ-ը, մինչդեռ, հերքում է հայկական հատուկ գործողության մասին տեղեկատվությունը։

«Հայկական զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի անկման վայրում հատուկ գործողություն իրականացնելու, ինչպես նաև ադրբեջքնական զինված ուժերի կորուստների մասում տեղեկատվությունը ամբողջովին հիմնազուրկ է և հանդիսանում է հերթական պրովոկացիան», - ըստ ադրբեջանական Թրենդ գործակալության` հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ը ենթադրում է, որ հայկական կողմը կարող է ցուցադրել «նախկինում կրած զոհերի աճյուններ՝ դրանք ներկայացնելով որպես ուղղաթիռի անձնակազմի անդամներինը»։

Չնայած այս հայտարարություններին, խոցված ուղղաթիռի անձնակազմից լեյտենանտ Ազատ Սահակյանի հայրը ճանաչել է որդու մարմինը։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց վերջինիս զարմիկը` Էդգար Հայրապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG