Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով News.am-ի հարցին, թե «երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ հերթական անհիմն մեղադրանքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին, ի՞նչ կասի այդ կապակցությամբ», ասել է՝ «այդ հայտարարությունը իրավիճակի, փաստերի և փաստաթղթերի ակնհայտ խեղաթյուրման հերթական դրսևորում է և Ադրբեջանը կորցնում է իրականության զգացումը»։
«Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին անգամ փորձում է կեղծել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի էությունը` դիտավորյալ բաց թողնելով դրա հստակ պահանջը` «անմիջապես դադարեցնել բոլոր թշնամական գործողությունները»։
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993թ. ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բոլոր չորս բանաձևերի առաջնային և անվերապահ պահանջն էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը։ Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջը չկատարելու հետևանքով անհնարին դարձավ դրանց իրականացումը: Եվ առնվազն զավեշտալի է, որ Ադրբեջանը հղում է կատարում այն բանաձևերին, որոնց կատարումը հենց ինքն է տապալել»,- ըստ ԱԳՆ-ի կայքի՝ ասել է Նալբանդյանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հարկ է համարել հիշեցնել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերից և ոչ մեկում Հայաստանը չի մատնանշվում որպես հակամարտության կողմ:
«Անվտանգության խորհրդի բանաձևերը կոչ էին անում ձեռնպահ մնալ հակամարտության խաղաղ կարգավորումը խոչընդոտող գործողություններից և ջանքեր ներդնել` Մինսկի խմբի շրջանակներում հիմնահարցի հանգուցալուծման ուղղությամբ: Ի՞նչ արեց Ադրբեջանը։ Լրիվ հակառակը. յուրաքանչյուր բանաձևից հետո ծավալեց նոր լայնածավալ ռազմական գործողություններ։ Բաքուն նորանոր սադրանքների գնաց` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Նույնը անում է այսօր»,- ասել է Նալբանդյանը։
«Ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման սադրիչ քայլով Ադրբեջանը կոպտորեն խախտել է ոչ միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջները, այլև` 1994թ. հրադադարի հաստատման և 1995թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերը, ինչպես նաև միջազգային հանրության բազմաթիվ կոչերը` զինադադարի ամրապնդման վերաբերյալ»,- ասել է Հայաստանի ԱԳ նախարարը և հավելել.- «Փոխվստահության ամրապնդման միջազգային պարտավորությունների համաձայն` Հայաստանը և Արցախը ԵԱՀԿ խողովակներով ու լրատվամիջոցներով տեղեկացրել են նախապես ծրագրավորված միասնական զորավարժություններ անցկացնելու իրենց մտադրության մասին՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը վերջին ամիսներին անցկացրել է մի շարք զորավարժություններ, այդ թվում` շփման գծի մոտակայքում, ինչի մասին երբեք նախապես պատշաճ չի տեղեկացրել»։
«Առերեսվելով միջազգային կառույցների արձագանքին՝ Ադրբեջանը փորձում է փուչ մեղադրանքներով քողարկել իր փաստարկների բացակայությունը։ Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը, ինչը ևս մեկ անգամ ցույց տվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը իր արձագանքով։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը կորցնում է իրականության զգացումը, և օրեցօր առավել խորանում է անդունդը` քաղաքակիրթ աշխարհի և այդ երկրի միջև»,- ամփոփել է Նալբանդյանը։