Մատչելիության հղումներ

Խորհրդարանում մի շարք օրինագծերի քվեարկությունը տապալվեց


ԱԺ-ում մի շարք օրինագծերի քվեարկությունը տապալվեց
please wait

No media source currently available

0:00 0:03:41 0:00

Այսօր ԱԺ արտահերթ նիստում կառավարության ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ չընդունվեցին։ Հանրապետականը քվեարկության ընթացքում միայնակ էր մնացել, ոչ իշխանականները հրաժարվեցին մասնակցել քվեարկությանը։

Քանի որ իշխող ուժի տասից ավելի պատգամավորներ նիստին չէին ներկայացել, ձայները չբավականացրեցին, քվեարկությունը տապալվեց։ Ոչ իշխանականները սեփական հաղթանակը տոնեցին ծափահարություններով։

Տապալված օրենքների նախագծերի փաթեթը վերաբերում էր վարչական վարույթներին։ Այս տարեսկզբից օրենքում մի շարք փոփոխություններ էին ուժի մեջ մտել, որոնց արդյունքում հարկադիր կատարման ծառայությունը առանց դատարանի որոշման քաղաքացիների գույքի և բանկային հաշիվների վրա կալանք դնելու հնարավորություն էր ստացել։ Առանց դատարանի որոշման մարդուն տուգանելու և նրա ունեցվածքի վրա կալանք դնելու հնարավորությունը, ըստ պատգամավորների, հակասահմանադրական էր։ Կառավարությունն էլ որպես լուծում առաջարկեց այս փաթեթը, որը , սակայն,ոչ իշխանականների համոզմամբ, ոչ թե լուծում է խնդիրը, այլ ընդամենը չեղյալ է համարում նախկին տուգանքների մի մասը՝ հնարավորություն թողնելով, որ ԴԱՀԿ-ն շարունակի արգելանքներ դնել՝ առանց դատարանի որոշման։ «Օրինաց երկրից» Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ կառավարությունը խնդիրը չի լուծում, իրենք էլ ստորագրահավաք են սկսել, որ դիմեն Սահմանադրական դատարան։

Դաշնակցությունում նույնպես կարծում են, որ հիմնական խնդիրը այս օրինագծով չի լուծվում։ Արծվիկ Մինասյանը կառավարությանը կոչ արեց նոր նախագիծ գրել։

«Բարգավաճ Հայաստանը» շատ ավելի կոշտ էր տրամադրված.- «Սա բացահայտ թալանի ուղղված նախաձեռնություն է։ Կոչ եմ անում խորհրդարանին չքվեարկել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Թալանի թեման չշրջանցեց նաև Հայ ազգային կոնգրեսից Գագիկ Ջհանգիրյանը.- «ԴԱՀԿ ծառայությունը չի կարող դատարան լինել»,- ասաց նա։

Այդուամենայնիվ, չնայած այս քննադատություններին՝ նախագիծը կանցներ, եթե հանրապետական 10-ից ավելի պատգամավորներ քվեարկության ժամանակ չբացակայեին։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում պատճառաբանեց, որ նրանք ընդմիջումից հետո պարզապես չէին հասցրել դահլիճ վերադառնալ։

«Պարզապես պատգամավորները մյուս կորպուսում են, վազքով պիտի չգային, նստեին։ Իսկ ինչ վերաբերում է ձախողելուն, ես կարող եմ վաղը չէ մյուս օրը արտահերթ նիստ հրավիրել, երկու օրենքներն էլ անցկացնել»,- ասաց ԱԺ-ի նախագահը։

Մի քանի օրինագծերի քվեարկությունների տապալումից հետո հանրապետականները ի վերջո վերադարձան դահլիճ և, ջանասիրաբար կողմ քվեարկելով և ժամանակ չկորցնելով, ընդունեցին կառավարության ներկայացրած մի քանի օրենքի նախագծերը։ Ամեն ինչ այնքան արագ էր կատարվում, որ ԱԺ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շփոթեց և նույն նախագիծը երկու անգամ դրեց քննարկման։ Նիկոլ Փաշինյանի աչքից դա չվրիպեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG