Մատչելիության հղումներ

Նախիջևանում որս սիրահարների նկատմամբ


Ադրբեջան, Նախիջևան - Տեսարան Նախիջևան քաղաքից
Ադրբեջան, Նախիջևան - Տեսարան Նախիջևան քաղաքից

Երկսեռ զբոսանքը Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի ինքնավար հանրապետությունում այլևս արգելք է․ տեղի իրավապահները սկսել են հետապնդել ոչ միայն այն զույգերին, որոնք իրար ձեռք բռնած քայլում են փողոցում, այլև նրանց, որոնք պարզապես կողք-կողքի են քայլում:

Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, շարունակելով՝ հակառակ դեպքում երիտասարդներին փողոցում կարող են անպատվել, բերման ենթարկել, ոստիկանության բաժնում ամուսնության, նշանված կամ հարաբերությունների մեջ լինելը հաստատող փաստաթղթեր պահանջել: Իսկ փաստաթղթերի բացակայության դեպքում երիտասարդներին սպառնում է խոշոր չափի տուգանք՝ 1500-2000 ամերիկյան դոլարին համարժեք մանաթ կամ մի քանի օրվա կալանք:

«Մենք չենք կարողանում անգամ մեր կուրսի աղջիկներից դասագիրք վերցնել, մենք վախենում ենք նույնիսկ գիրք վերցնելու նպատակով հանդիպել նրանց հետ փողոցում, մենք միանգամից ընկալվում ենք որպես «սիրահարներ», այսինքն՝ «անբարոյականներ», - նախիջևանցի ուսանող Բադալ Օմարի խոսքերն է մեջբերում «Ազադլըղ» ռադիոկայանը՝ նշելով, որ ուսանողի անունը անվտանգության նկատառումներով փոխված է: Ադրբեջանցի ուսանողը նաև պատմել է, որ զբոսանքներն արգելելով և երիտասարդներին բերման ենթարկելով հարցը չի փակվում: Ոստիկանությունում տուգանք չվճարելու դեպքում սպառնում են կանչել աղջկա ծնողներին ու տեղեկացնել նրանց, թե իբր իրենց աղջիկը ոստիկանությունում է հայտնվել անբարո վարք դրսևորելու հետևանքով:

Տեղացիներից մեկ ուրիշն էլ պատմել է իր ազգականի մասին, ով ի նշան բողոքի կտրել է երակները: Երիտասարդը նշանածի հետ այգում քայլելիս բերման է ենթարկվել: Սակայն նշանադրության մատանիները տեղում ցույց տալուց հետո էլ ոստիկանները հարցը չեն փակել՝ տղային ուղարկել են տուգանքի ետևից, վերջինս էլ ոստիկանության դիմաց կտրել է երակները:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը փորձել է այս ամենի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալ Նախիջևանի ոստիկանությունից, սակայն՝ ապարդյուն:

Իսկ Նախիջևանի ներքին գործերի նախարարությունից ի պատասխան լրատվամիջոցի հարցերի հայտարարել են, թե այդ բոլոր պատմությունները մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում: «Հակառակը՝ Նախիջևանի հեռուստատեսությունն անգամ սերը գովերգող հաղորդումներ է ցուցադրում», - հավելել են նախարարության մամուլի ծառայությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG