Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Սուրիկ Խաչատրյանը մարզպետ չի նշանակվել


Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու անհրաժեշտ ընթացակարգը չի պահպանվել, և ըստ պատգամավորի՝ Խաչատրյանը մարզպետ չէ:

«Ինչու Կառավարությունը որոշումներ ընդունելիս չի քվերակում ինչպես պահանջում է նախագահի հրամանագիրը», - այսօր
Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց բարձրացրեց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ գրավոր հարցում է ուղարկել Կառավարությանը և խնդրել իրեն տրամադրել սեպտեմբերի 25-ի նիստում Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու վերաբերյալ քվերակության արձանգրությունը։

«Ցավոք սրտի, Կառավարությունը իմ ակնկալած փաստաթուղթը չի ուղարկել՝ արձանագրությունը քվեարկության մասին, և չի ուղարկել նույնիսկ հավաստիացում, որ ընդհանրապես քվեարկություն տեղի է ունեցել», - ասաց նա՝ հարցնելով․ - «Եթե քվերակություն տեղի չի ունեցել, ինչպե՞ս է հայտարարվել որ Սուրիկ Խաչատրյանը մարզպետ է»։

Հարցին պատասխանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը։ Կառավարության բոլոր որոշումները արդեն տարիներ շարունակ դրվում են քվեարկության բացարձակապես նույն ձևով, պարզաբանեց նա․ - «Վարչապետը հարցի քննարկման ավարտից հետո հարցնում է՝ ի՞նչ կարծիքներ կան, ո՞վ է դեմ: Եթե նախարարներից որևէ մեկը հայտարարում է, որ նա դեմ է, դա արձանագրվում է, և ընդունվում է որոշում, արդյոք որոշումը ընդունվե՞լ է, թե՞ ոչ»:

Փաշինյանը ձայնագրություն միացրեց, որ բոլորին պարզ լինի, թե Սուրիկ Խաչատրյանի նշանակման օրը ինչպես է Կառավարությունում տեղի ունեցել քվեարկությունը, և հայտարարեց․ - «Ոչ մի կողմի ու դեմի մասին խոսք չի գնացել, այսինքն, ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ չի նշանակվել»:

Փաշինյանը շարունակեց՝ Խաչատրյանն այժմ Սյունիքում ինքնիրավչությամբ է զբաղվում, ինչը քրեորեն պատժելի արարք է, Հատուկ քննչական ծառայությունը թող ասածս ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին։

Դավիթ Հարությունյանը, լրիվ նորմալ համարելով այդ օրը Կառավարություն անցկացրած քվեարկությունը ավելացրեց, որ լավ որ Փաշինյանին երբևէ հնարավորություն չի ընձեռվել աշխատելու իրավապահ մարմիններում. - «Եթե նմանատիպ լայն մեկնաբանությամբ որևէ մեկը աշխատեր իրավապահ մարմիններում, ապա 37 թիվը մեզ կթվար ժողովրդավարության լավագույն ժամանակահատված»:

Գալուստ Սահակյանին էլ դուր չեկավ, որ Նիկոլ Փաշինյանը իր հարցն հնչեցնելիս ձայնագրություն միացրեց։

«Մյուս անգամ խոսափողը կհանձնարարեմ անջատել», - սպառնաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG