Մատչելիության հղումներ

Հայաստանից արտագաղթի պատճառը «իրավիճակը փոխելու անզորություն է»․ ազգագրագետ


Հրանուշ Խառատյանի խոսքով՝ Ռուսաստանի քաղաքացի դառնալու համար հայաստանցիները պատրաստ են հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից:

Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանի խոսքով՝ 2007-2013 թվականներին Հայաստանից արտագաղթելու հիմնական պատճառը տնտեսականն է եղել:

«Հետազոտության ընթացքում մենք պարզեցինք, որ դեպքերի գրեթե 100 տոկոսի պարագայում պատճառները տնտեսական են։ Այդ մասին է վկայում նաև այն, որ արտագաղթածների մոտ 63 տոկոսը երկրում աշխատանք չի ունեցել», - ասաց Տեր-Մինասյանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով, սակայն, բացի տնտեսականից ավելի խորքային պատճառներ կան: Վերջին շրջանում Հայաստանից արտագաղթի պատճառների մեջ որակական լուրջ փոփոխություն է տեղի ունեցել: Ըստ ազգագրագետի, եթե 10 տարի առաջ արտագաղթի հիմնական խորքային պատճառը անարդարության զգացումն էր, ապա հիմա անհուսության զգացումն ու իրավիճակը փոխելու անզորությունը:

«Համարյա անշրջելի է դարձել այն զգացումը, թե Հայաստանում այլևս որևէ բան կփոխվի: Մի շրջան իմ հետազոտություններն ուղղակի ցույց են տալիս, որ ամեն մի ընտրության հետ ինչ-որ հույսեր էին սկսվում կամ ընդհանրապես միշտ հույս կար, որ առաջիկայում երկրում որոշ փոփոխություն կլինի: Հիմա հաստատուն ասում են՝ անհնար է այս երկրում որևէ բան փոխվի, և ես անկարող եմ որևէ բան անել իմ կյանքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խառատյանը:

2007 - 2013 թվականները ամփոփող վերջերս հրապարակված հետազոտությունը նաև ասում է, որ Հայաստանում ամեն երկրորդ ընտանիք որևէ առնչություն է ունեցել արտագաղթի հետ․ կամ ընտանիքի որևէ անդամ բացակայում էր, կամ ընտանիքից որևէ մեկը ինչ-որ ժամանակով բացակայել ու վերադարձել էր:

Հետազոտությունը պարզել է նաև, որ արտագաղթողների ավելի քան 80 տոկոսը ակտիվ աշխատանքային տարիքի տղամարդիկ են՝ 20-54 տարեկան։ Արտագաղթողների 90 տոկոսը մեկնում է Ռուսաստան:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի դիտարկմամբ՝ հետազոտության մեջ ներառված չէ այն շրջադարձային ժամանակահատվածը, երբ Հայաստանը փոխեց իր արտաքին քաղաքական ուղղությունը և մաքսային միությանն անդամակցելու ցանկություն հայտնեց:

«Ազատության» հետ զրույցում Խառատյանը նշեց, որ դրանից հետո մեր երկրում փոխվեցին միգրացիոն տրամադրությունները: Այսօր ավելի շատ մարդիկ են իրենց հույսը կապում Ռուսաստանի հետ և մտածում այդ երկրում ոչ թե աշխատելու, այլ մշտապես բնակվելու մասին՝ անգամ պատրաստ են Ռուսաստանի քաղաքացի դառնալու համար հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից: Ազգագրագետի կարծիքով՝ այդ դեպքում նրանք արդեն ընդմիշտ կլքեն երկիրը: Ու քանի որ դուրս գնացողները հիմնականում ընտանիքի հայրերն են, ապա կամ ընտանիքը Ռուսաստան է տեղափոխվում ամբողջությամբ, կամ թեկուզ ոչ պաշտոնապես, բաժանվում է:

«Այդ դեպքում ստիպված են, ռուսական օրենքի թելադրանքով, Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել: Շատ-շատ ուրիշ երկրներում քաղաքացիություն տալիս են առանց ելքի երկրի քաղաքացիությունից հրաժարվելու: Հասկանալի է, որ Ռուսաստանի համար հայերի կամ որևէ մեկի ներգաղթի խնդիրը, ժողովրդագրական խնդիրը լուծել է,ոչ թե աշխատուժ, և այս պատճառով ամեն ինչ արվում է ժամանակավոր արտագաղթերը փոխարինելու մշտական բնակեցմամբ», - ասաց Հրանուշ Խառատյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG